Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ՝ ԱՀ պետական լիազոր մարմինների ղեկավարների ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ:
Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները:
Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ: Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ Կառավարության կողմից:
Երկրի ղեկավարի կողմից բարձրացված հիմնական խնդիրը, սակայն, բնակարանային ապահովման հարցն էր: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, և այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջիկա օրերին վերջնականացնել ցուցակները և ներկայացնել պետական լիազոր մարմիններ:
Պետական, բարեգործական և աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաև կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք կունենան կենսական նշանակության բոլոր պայմանները: