«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար այսօր դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե:
«Նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում կոչ եմ արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հնարավորության դեպքում իրականացնել հրատապ այց՝ Ադրբեջանի փակ հաստատություններում պահվող գերեվարված անձանց պայմանների մոնիտորինգ իրականացնելու համար։
Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված անձինք կյանքի, ֆիզիկական և հոգեկան առողջության անձեռնմխելիության իրավունք ունեն։ Գերեվարվածները բոլոր հանգամանքներում պետք է օգտվեն պաշտպանությունից և արժանանան մարդասիրական վերաբերմունքի առանց որևէ խտրականության։ Պետք է երաշխավորվի ընտանիքի անդամների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունքը։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, ինչպես նաև առանձին իրավապաշտպաններ մեր 62 հայրենակիցների հարցով դիմել էին ՄԻԵԴ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջանկյալ միջոց էր կիրառել այս հարցով։ Ցավով պետք է արձանագրեմ, որ նշված ժամկետը՝ դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում Ադրբեջանը պետք փոխանցեր տեղեկատվություն ռազմագերիների վերաբերյալ, բժշկական փաստաթղթեր տրամադրեր և վերջիններիս փոխանակման ժամկետներ հայտներ, խախտվել է։
Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ դատարանի կանոնների 39 -ի 2-րդ դրույթի հիման վրա։
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեին ուղղված այսօրվա իմ նամակը ևս մեկ լրացուցիչ միջոց է, որը Եվրոպական դատարանի գոյություն ունեցող դատական մեխանիզմի հետ մեկտեղ, հուսանք, կկիրառվի որպես կանխարգելիչ և ոչ դատական մեխանիզմ։ Քանզի ԽԿԿ-ն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մասն է կազմում։
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ հորդորել բոլորին սոցիալական ցանցերում ռազմագերիների անունների և այլ անհատական տվյալների հրապարակումից զերծ մնալ»,- գրել է նա։