Պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողները լիարժեք կյանք վերադառնալու համար կունենան աջակցության կարիք: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր 77 զինծառայող ստացել է հաշմանդամության խումբ. 29-ը՝ առաջին, 28-ը՝ երկրորդ, 20-ը՝ երրորդ խումբ:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Ամպուտացիա ունեցած զինծառայող է անցել մինչ էսօր փորձաքննություն, շատ կարևոր է, այն մարդիկ են, որ պատրաստ են եղել փորձաքննության:
Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորումն իրականացվում է վերականգնողական անհատական ծրագրով: Աջակցող միջոցներ՝ օրթեզ, պրոթեզ, քայլակ, սայլակ, հատկացվում են հավաստագրի միջոցով: Մինչև այն ստանալը անձը դիմում է բժշկասոցիալական փորձաքննության:
Տաթևիկ Ստեփանյան - Դիմելը ևս շատ պարզ գործընթաց է, պարզեցրել ենք էս պարագայում, այսինքն՝ նրանք կարող են հեռախոսազանգով, մեյլով կամ մեր բուժհաստատություն կատարած այցի ժամանակ մենք մեզ հետ միանգամից տանում ենք դիմում, որպեսզի պարզեցնենք հնարավորինս գործընթացը:
Բուժտեխնիկական հանձնաժողովը նշում է՝ ինչ տեսակի աջակցող միջոցի կարիք կա, հետո դիմում են պրոթեզարան: Հաշմանդամություն ունեցող անձը, այս դեպքում՝ վիրավոր զինծառայողը, իրավասու է ինքը որոշելու՝ որակավորում ստացած չորս պրոթեզարանից ո՛րն ընտրել:
Տաթևիկ Ստեփանյան - Այդ ինֆորմացիան բուժտեխնիկական հանձնաժողովում տրամադրում ենք բոլորին՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր պրոթեզարանների համար: Սահմանված կարգով դիմել են մեզ, որ որակավորում ստանան, դրա հիման վրա ծառայություն մատուցեն նախարարության կողմից հավաստագրով:
Ինչպես հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց դեպքում, Արցախում ոտքը, ձեռքը կորցրած զինծառայողներին ևս բժշկական ցուցումով նախ կտրվի բուժմարզական պրոթեզ, որոշակի ժամանակ անց միայն այն կփոխարինվի օգնող հիմնական միջոցով:
Տաթևիկ Ստեփանյան - Նախարարությունն ունի աջակցող միջոցների համար տրամադրվող բյուջեով տող: Սահմանափակում չկա, վերաշխման խնդիր չունենք: Ըստ դիմողների` կանենք վերաբաշխում: Չեմ կարծում` կդիմեն, ու գումար չենք ունենա:
Փոխնախարարի խոսքով՝ միշտ չէ, որ թանկարժեք պրոթեզն է լավագույն լուծումը: Օգնող միջոցի ընտրությունը պայմանավորված է դրա կարիքը ունեցողի գործունեության ոլորտով ու ակտիվությամբ: Նախարարությունը կարևոր է համարում այս ուղղությամբ համատեղ աշխատանքը, խնդիրը քննարկում են նաև բարեգործական կառույցների հետ: Կազմակերպությունների հետ գործակցությամբ՝ ձեռքը կորցրած զինծառայողների մի մասը առաջիկայում բիոպրոթեզներ ձեռք բերելու հնարավորություն կունենա: