Երևանի «Արարատի» կազմը համալրել է 22-ամյա հայ պաշտպան Արթուր Դանիելյանը: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Արարատ-Արմենիան»:
Արթուր Դանիելյանը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին, Ուկրաինայում: Խաղացել է Դոնեցկի «Մետալուրգի» մանկապատանեկան թիմերում, ապա Կամենսկոյեի «Ստալի» կազմում հանդես եկել Ուկրաինայի պրեմիեր լիգայում:
2018/19 մրցաշրջանից հանդես է եկել «Արարատ-Արմենիայի» կազմում և դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր:
«Ստալի» կազմում Արթուր Դանիելյանը մասնակցել է Ուկրաինայի առաջնության 20 խաղի, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում Հայաստանի առաջնության 22 հանդիպում է անցկացրել:
Դանիելյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, ինչպես նաև հրավիրվել է ազգային հավաքական:
«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատին»: Շատ լավ թիմ է, և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատը» հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:
«Արթուր Դանիելյանն «Արարատը» համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է, և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- նշել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։