Բերդաքաղաքի սառը անդորրը ընդհատում են Սուրբ Հովհաննեսի զանգերը: Սահմանապահ համայնքը տոնում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան Աստվածհայտնության տոնը:
Պատարագիչը Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանան է, հավատացյալների շարքերում՝ սահման պահող զինվորականները: Բանակը, եկեղեցին խաչով ու զենքով միասին են սահմանին, պատերազմում, այսօր՝ պատարագին:
Համավարակի պատճառով սահմանապահ զորքն այս տարի պատարագին չի մասնակցում, բոլորի փոխարեն նրանցից մեկն է բոլորի աղոթքն ու մոմը վառում՝ մարտում ընկած տղերքի ու սահման պահողների համար լուռ աղոթում:
Սուրբ Մյուռոնը կաթ-կաթ թափվում է ջրի մեջ: Քահանան Ջրօրհնեքի կարգ է մատուցում՝ խաչքավորը Հուլիսյան մարտերում հաղթանակած սահմանապահ զորամասի հրամանատարն է:
Տավուշի սահմանին Սուրբ Ծննդյան պատարագը նախորդների նման չէ, տարբեր է զգացողությամբ, խորհրդով, սպասումով:
Տեր Արամ Քահանա Միրզոյան, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ - Քրիստոսի ծնունդով պիտի փառք լինի Աստծուն բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն և մարդկանց մեջ՝ հաշտություն ու համերաշխություն: