«Քրիստոս ծնավ և հայտնեցավ»՝ օրվա ավետիսը հավատավոր ժողովրդին ցուրտ առավոտյան հանել էր տներից, բերել եկեղեցի: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչում՝ Աստվածհայտնության տոնի Սուրբ Պատարագը մատուցեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Սուրբ Ծննդյան այս օրը՝ աղոթքով համախմբված մեր եկեղեցիներում օրհնում ենք նորածին Փրկչին՝ իր Պատգամում ասաց Վեհափառը և «Բեթղեհեմի մսուրից ծագած ճշմարիտ Լույսով մարդկանց հոգիները լուսավորելու» Ավետարանիչի տողերից հասավ մեր օրեր: Հայտարարեց՝ ափսոս, որ մարդիկ մեղքերով ծանրաբեռնված հեռանում են Աստծուց, քաղաքական խարդավանքները խառնել են աշխարհը: Կաթողիկոսի խոսքով՝ մեզ էլ չհաջողվեց խուսափել կործանարար սխալներից և մեղանչումներից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ - Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից:
Այդ ամենի հետևանքը՝ ազգի մասնատումն է. բաժանված թագավորություն, թե տուն՝ ավերվում է: Մաթեոսին մեջբերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ազգի համար պատերազմում նահատակված, վիրավորված, գերեվարված հայորդիների ցավն ու Արցախի հողերի կորուստը համեմատելով մռայլ-մթագնած գիշերվա հետ: Մեզ պարտադրված թանձր այդ խավարը փարատելու նպատակով, ասաց, պետք է ուժ առնենք Տիրոջ զորությամբ, հույսով ու հավատով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ - Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին: Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է արդարության արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը:
Տոնական Պատգամը Վեհափառը եզրափակեց «Տեր, խաղաղ պահի Հայաստանն ու Արցախը» խնդրանքով ու Քրիստոսի Ծննդյան շնորհավորանքով՝ «Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Ի դեպ՝ նախօրերին տարածած հայտարարության համաձայն, որը վերնագրել էին «Չենք թույլատրելու դավաճանի մուտքը սրբավայր»՝ Գրիգոր Լուսավորչի բակում առավոտից ֆլեշ-մոբի էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ:
Բարձրաստիճան պաշտոնյաներից այս եկեղեցի էին եկել գլխավոր դատախազն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Պատարագին հաջորդեց Ջրօրհնեքի արարողությունը, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի Ծնունդը և 30 տարի անց Հորդանան գետում նրա մկրտությունը նշում է միշտ նույն օրը՝ հունվարի 6-ին: Այս տարի՝ խաչքավորի ընտրությունն է բացառիկ:
Կրտսեր սրեժանտ Գոռ Պետրոսյանի ամուր բռնած Խաչով և Սուրբ Մյուռոնով՝ Կաթողիկոսն օրհնեց երեք մեծ կաթսայի ջուրը: Օրվա ավետիսի հետ ժողովուրդը եկեղեցուց տուն տարավ նաև հրաշագործ հեղուկը՝ հավատով, որ այն բժշկում է մարդկանց մարմինն ու հոգին: