Կրթությունը ամենահզոր զենքն է, իսկ կրթված երիտասարդությունը՝ հզոր պետության գրավականը. այս նշանաբանով Սուրբ Ծննդյան տոնին Հայաստանում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկայեֆը: Նա իր ընտանիքի հետ որոշել է տոնը նշել արցախցի երեխաների հետ:
Իսկ Հայաստանում տեղավորված արցախցի երեխաների Ամանորի միակ ցանկությունը 10-ամյա Գոռն է ամփոփում՝ թող ժողովուրդն անփորձանք լինի: Գոռն ու Գևորգը հիմա ապրում են Հայաստանում: Իրենց ընտանիքի մասին կարճ ու համառոտ տան կրտսերն է պատմում:
Գոռ Եսայան - Ես էկել եմ Քաշաթաղի շրջանի Բերձորից, այստեղ ապրում եմ բարեկամներիս տանը:
Գևորգ Եսայան - Ավարտելուց հետո ընդունվելու եմ ԱԻՆ ակադեմիա: Ուզում եմ ծառայել:
Մինչև ծառայելն էլ դեռ պիտի սովորի: Հեռավար կրթությունը շարունակելու համար 100-ից ավելի արցախցի դպրոցականներին Սուրբ Ծննդյան նվեր պլանշետներ է բերել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆի ընտանիքը:
Յուրի Ջորկայեֆ (աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան) - Սովորաբար, մենք ընտանիքի, եղբայրների, զարմիկների հետ ենք տոնում Սուրբ Ծնունդը, քանի որ այն ընտանեկան տոն է, բայց այս տարի մտքումս ինքս ինձ ասացի, որ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար նվերներից բացի նաև խորհրդանշական կլիներ այստեղ գտնվել: Էլի ընտանիքի հետ ենք տոնում, բայց այստեղ, արցախցիների հետ: Սա մեր ընտանիքի անձնական նախաձեռնությունն էր, որ երեխաներին կարողանայինք նվերներ անել: Երկար մտածեցինք ու հասկացանք՝ այս նվերները կօգնեն նրանց շարունակել կրթությունը:
Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Ջորկայեֆ ընտանիքի հետ աշխատում ենք շատ մոտ, և դա ամրապնդվեց նաև պատերազմին, քանի որ Դենիս Ջորկայեֆը համակարգում էր Լիոնի մարդասիրական և ոչ այնքան մարդասիրական օգնությունը: Ուղարկում էին այն, ինչ պետք էր:
Այս անգամ հայ-ֆրանսիական բարեկամությունն ամրապնդող ևս մեկ՝ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնության 4-րդ ինքնաթիռով են եկել: Նախագահ Մակրոնն անձամբ է հոգում տեղափոխումը: Իսկ մինչև այդ օգնությունը կհասցնեն արցախցիներին, նախ մի փոքրիկ հեքիաթ՝ երեխաների Սուրբ Ծնունդը տոնական դարձնելու համար:
Յուրի Ջորկայեֆ - Ֆրանսիայի կառավարության, Հայաստանի ու սփյուռքի հետ կշարունակենք աշխատել: Կարծում եմ՝ արդեն շատ հաճախ կլինեմ Հայաստանում, ամեն ինչ կախված է նաև արցախցիների կարիքներից: Հիմա պետք է մտածել ներկայի ու ապագայի մասին, որ կարողանանք նպաստել Հայաստանում կարևորագույն արժեքների զարգացմանը՝ ընտանիք, կրթություն, սպորտ: Ընտանիքը հայերի համար առաջնային արժեք է՝ արդեն իսկ ամուր կառուցված, իսկ մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք զարգացման շեշտը դնել սպորտի և կրթության վրա, որոնցով պետք է կառուցել ապագան:
Ապագան այսօր ստեղծողները նվերների հետ կտանեն սիրելի ֆուտբոլիստի հետ նկարներն ու ցանկությունները: