ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս հրապարակած հոդվածին, որում խոսվում էր պատերազմի պատճառների մասին։
Մարուքյանի խոսքով՝ բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է տրվեն քննության արդյունքներով, դրա համար էլ իրենք առաջարկել են ստեղծել փաստահավաք խումբ։
«Բոլորը, ովքեր այսօր հարցազրույցներ են տալիս, կհարցաքննվեն, կիմանանք՝ ինչ է եղել։ Մեր ժողովուրդը օր ու արև չի տալու մեզ, մինչև մենք քննություն չիրականացնենք, չպարզենք։ Հետևաբար, այդ հարցերին հոդվածով պատասխանել հնարավոր չէ, քանի որ դա մենախոսություն է»,- նշել է Մարուքյանը։
Նախագիծն ուղարկված է, Մարուքյանը սպասում է քաղաքական ուժերի արձագանքներին։
Վարչապետի հրաժարականի պահանջի անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց, որ բոլոր ուժերը պետք է համախմբվեն իրենց թեկնածուի շուրջ:
«Եթե ուզում են Նիկոլ Փաշինյանին փոխել, դա այս պահին հնարավոր է միայն մեր թեկնածուի միջոցով։ Ուզում են՝ կփոխենք, չէ՝ չէ։ Ընտրությունների ո՛չ աուրա կա Հայաստանում, ո՛չ կարգ ու կանոն, ո՛չ Ընտրական օրենսգիրք։ Ընտրություններ հիմա անհնար է անել»,- նշել է Մարուքյանը։