Գրավի դիմաց ազատ արձակվելու Ջուլիան Ասանժի դիմումը մերժում է ստացել Լոնդոնի դատարանում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Դատավորը հայտարարել է, որ ազատ արձակման դեպքում Ասանժը կարող է խուսափել դատավարությունից, երբ Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայից պահանջում է նրա արտահանձնումը:
WikiLeiks-ի հիմնադիր Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ու բանտում է անցկացրել անցած ավելի քան ութ տարիները:
Երկուշաբթի օրը նրա պաշտպանական թիմին հաջողվել էր դադարեցնել ԱՄՆ-ին արտահանձնելու փորձերը, որտեղ նրան սպառնում է լրտեսության վերաբերյալ հարուցված 18, ինչպես նաև պետական համակարգիչների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեղադրանք:
Արտահանձնումը կասեցնելու Լոնդոնի դատարանի վճռից դժգոհ` ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ շարունակելու է պահանջել Ասանժի արտահանձնումը և դիմելու է դատարանի վճիռը բեկանելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ WikiLeaks-ը հրապարակել էր ԱՄՆ-ի դիվանագիտական աղբյուրներից ստացված գաղտնի հարյուր հազարավոր տեղեկություններ, մասնավորապես` աշխարհի մի շարք առաջնորդների, այդ թվում Ռուսասատանի նախագահ Պուտինի ու Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի նկատմամբ ԱՄՆ-ի գնահատականները: