Երեկ՝ Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, Գեղարքունիքի մարզի Ծակքար և Վարդաձոր համայնքներում, ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, տեղի է ունեցել Խաչերի օրհնության կարգ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Խաչի օրհնության կարգն առաջինը կատարվեց Ծակքար համայնքում, որտեղ այն կանգնեցվել է Պողոսյան ընտանիքի բարերարությամբ։ Ապա Օրհնության կարգը տեղափոխվեց Վարդաձոր գյուղի լեռան լանջին, որտեղ Սուրբ Խաչը վերջերս կանգնեցվել է վարդաձորցի Անդրանիկ Բաղդասարյանի բարերարությամբ։
Խաչի բարձրությունը 33 մետր է, որը, ըստ Գեղարքունյաց թեմի հավաստման, ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Կարևորելով Խաչերի կանգնեցման և օրհնման նախաձեռնությունները՝ շեշտեցի, որ նման ձեռնարկները ոչ միայն ամրապնդում են հայրենի հավատը հայ մարդկանց մեջ, այլ նաև նպաստում են ազգային միասնությանն ու համախմբմանը, հույս ներշնչում մեր գալիք հաղթանակների ու լուսավոր ապագայի հանդեպ»,- գրել է Սանոսյանը։