Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը: Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի Ֆեյսբուքի էջից:
««Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին:
Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է արցախցի տուժած ընտանիքների հետ աշխատող կազմակերպությունների միջոցով):
Ցանկանում ենք նաև ընդգծել, որ այս ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Յուրի և Դենի Ջորկաեֆները, իսկ հատուկ չվերթը կազմակերպվել է դարձյալ Ֆրանսիայի կառավարության կողմից:
Յուրի Ջորկաեֆն այս անգամ ևս անձամբ ժամանել է Հայաստան՝ մի խումբ ֆրանսիացի բժիշկների հետ շարունակելու մարդասիրական առաքելությունը և աջակցելու Արցախյան պատերազմից տուժածներին»,- ասվում է հիմնադրամի գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Բարի կամքի» դեսպան Յուրի Ջորկաեֆը որոշել է Սուրբ Ծննդյան տոնն այս տարի նշել արցախցի երեխաների հետ: