Ճապոնական, չինական պենոպլաստե տնակներ կառուցելու գաղափարը վաղուց էր հետաքրքրել վանաձորցի Օնիկ Քամալյանին: Այնքան պրպտեց համացանցը, որ վերջապես պենոպլաստե տնակների սեփական արտադրություն հիմնեց: Պատերազմն Օնիկին նոր գաղափար հուշեց՝ պենոպլաստե վրաններ պատրաստել նաև սահմանում կանգնած զինվորի համար:
Օնիկ Քամալյանի ստեղծած հաստոցը միլիմետր առ միլիմետր կատարում է համակարգչով տրված հանձնարարությունը: Արդեն յոթ տարի պենոպլաստե տնակներ են կառուցում: Պատերազմի ընթացքում նոր գաղափար ծագեց՝ պենոպլաստե վրաններ կառուցել բանակի համար:
Օնիկ Քամալյան - Պենոպլաստե վրանի առաջին առավելությունն այն է, որ այն շատ տաք է, զինվորները ցրտին մրսելու խնդիր չեն ունենա: Բացի այդ, այն բավական հեշտությամբ քանդվող և հավաքվող կոնստրուկցիա ունի:
Պենոպլաստե վրանը շատ թեթև է, տեղափոխելը՝ հարմար: Տասը սանտիմետր հաստությամբ վրանը հնարավոր է ապամոնտաժել, հավաքում են հինգ րոպեում:
Օնիկ Քամալյան - Հավաքված վիճակում այն երկու անգամ փոքրանում է իր ծավալից:
Փոքր չափսի մեկ վրանում կարող է երեք մարդ տեղավորվել, բայց կարող են պատրաստել վրաններ մինչև տասը հոգու համար՝ ասում է Օնիկը: Առաջարկվող նմուշն արդեն ունեն: Որպեսզի շփումից խշխշան նյութի ձայնը չանհանգստացնի զինվորներին, որոշել են պատերն ու հատակը ներսից թաղիքապատել:
Փորձարկել են տասը սանտիմետրանոց վրանի ջերմաստիճանը, որը 20 աստիճանի տարբերություն է տվել: Եթե դրսում 20 աստիճան ցուրտ է, ապա ներսում 0 կլինի՝ ասում է Օնիկը: Նույն կերպ շոգ եղանակին ներսում համեմատաբար զով է: Եղած արտադրական ռեսուրսներով օրական կարող են տասից ավելի վրան պատրաստել: Առաջարկն արդեն ներկայացրել է ռազմարդյունաբերության կոմիտե: