Արցախի հերոսը Եռաբլուրում է՝ խնկարկելու զոհված ընկերների հիշատակը: Էդգար Մարկոսյանի ուժն այս պատերազմում հակառակորդն իր մաշկին զգաց:
Էդգար Մարկոսյան (Արցախի հերոս) - Պատերազմը ցույց տվեց, որ եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստ լինենք պատերազմի:
Պատերազմն անցած հրետանավոր սերժանտը հիշում է՝ երբ թշնամին մտավ Թալիշի դիրքեր, իրենց մարտկոցն անմիջապես նկատեց ադբեջանական տանկերն ու դրանք վերցրեց նշանառության տակ:
Էդգար Մարկոսյան - Առաջինը հենց խփեցի, ինքը շատ տպավորիչ պայթեց, միանգամից, հենց տեղում երկրորդն ու երրորդը խփեցինք, էդ գրոհը կանգնեց:
Հակատանկային նոր զենքը սերժանտ Մարկոսյանն առաջին անգամ գործի դրեց հենց մարտի դաշտում: Հնարավոր պատերազմը միշտ զինվորի մտքում էր: Կոռնետին տիրապետելը Էդգարի համար վայրկյանների հարց էր. առաջին տանկը խոցեց 7 կիլոմետրից, ու այդպես՝ տասը տանկ:
Էդգար Մարկոսյան - Եղել են շարասյուներ, որ կանգնեցրել եմ: Դիմացի տանկին խփում էի, շարասյունը կանգնում էր, էնտեղից արդեն հրետանիով նշանացուցում էինք անում, մնացածին վերացնում էին:
Էդգարն ու Վարդանը միասին են ծառայել, միասին էլ կռվել՝ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ: Ռազմաճակատի նույն ուղղությամբ, տարբեր դիրքերում են երկուսն էլ պայքարել: Էդգարը՝ «Ոսկե արծիվ», Վարդանը՝ «Արիության» շքանշանակիր են:
Վարդան Վարդանյան (ՊԲ սերժանտ) - Ասացի՝ պատկերացնում ես Գեղազնիկ Միքայելյան, Մոնթե Մելքոնյան ու տենց էլի Արցախի հերոսների անուններ ու վերջում՝ Մարկոսյան Էդգար: Անցավ մոտավոր 5 րոպե, ու զանգ եկավ իրա հեռախոսին:
Ընկերոջ կատակը րոպեներ անց ռազմաճակատում դարձել է իրականություն: Այդ մասին Էդգարին ասել են Երևանից: Սերժանտ Մարկոսյանի համար բարձր կոչումը պարտավորեցնող է:
Էդգար Մարկոսյան - Էնտեղ կռվող յուրաքանչյուր տղա էլ հերոս է: Ես ընդամենը իմ անելիքն եմ արել, որը պիտի անեի, ու առավել բան չեմ արել:
Արցախի հերոսը մասնագիտությամբ կիբեռնետիկ է: Ուսումը կշարունակի մագիստրատուրայում. թշնամուն հաղթած հերոսն այսօրվանից մտածում է՝ ինչպես հաղթահարել հետպատերազմյան երկրի խնդիրները: