Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և Մկրտության հիշատակումն է: Այսօր՝ հունվարի 5-ին՝ ժամը 17։00-ին, եկեղեցիներում կլինի Ժամերգություն ու կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: 1lurer.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը ներկայացրեց Սուրբծննդյան տոնի խորհուրդը՝ նշելով.
«Մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ (Եսայի 9.5): Հիսուս ծնվեց որպես կատարյալ մարդ՝ Սուրբ Հոգով: Տիրոջ ծնունդը նման է սովորական մանկան ծնունդի, որպես մանուկ Նա ծնվեց, իսկ որպես Աստծո Որդի ծնված չէր, ուստի ասվում է մարգարեությունում՝ մի որդի տրվեց մեզ: Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել «մեզ» բառի վրա. ծնվեց մեզ համար, տրվեց մեզ: Գուցե հարցնենք ամենքս մեզ՝ այդպե՞ս է: Քրիստոս մեզ համա՞ր ծնվեց: Եթե այո, ապա ի՞նչ պիտի անենք: Մանուկը ծնվեց, սա պատմական փաստ է, ծնվեց Բեթղեհեմում, կոնկրետ ժամանակում ու վայրում: Որդի տրվեց. սա էլ է փաստ: Բայց հարցը հետևյալն է՝ մենք ապրո՞ւմ ենք այս խորհրդով, թե՞ միայն արձանագրում պատմական փաստը: Գիտե՞նք, որ այդ Մանուկը մեր Փրկիչն է, Նա խաղաղություն բերե՞ց մեզ։ Աստված մարդացավ, և բեթղեհեմյան մսուրի պատկերը մեր հոգու աչքերի համար տեսանելի պիտի լինի: Քանի որ այդ Մանուկը մեզ համար չի ծնվի, եթե մենք էլ Իր համար չծնվենք: Մենք էլ պիտի փորձենք նման լինել այդ Մանկանը՝ ներքին վերափոխում ապրելով»։
Տեր Եսային ընդգծեց, որ մեր հավատքի վկայությունը ոչ թե այն է, թե ինչ ենք զգում, այլ թե ինչ ենք անում: Եթե Մանուկը ծնվել է մեզ համար, ապա մենք էլ մանուկ ենք:
«Հոգևոր կյանքում կարծես հակառակն է. մարդը սկսում է մեծ տարիքից և դառնում երեխա հոգևոր իմաստով՝ անկեղծ, վստահող, մաքուր, պարզ։ Իսկ եթե Որդին է տրվել մեզ, ապա մենք էլ որդիներ ենք Աստծո: Չենք կարող ընդունել Որդուն, եթե մենք էլ Աստծո որդի չենք: Եթե Որդին տրվեց մեզ, ուրեմն մենք էլ տրվեցինք Որդուն, իսկ մենք մեր անձը նվիրաբերե՞լ ենք Քրիստոսին: Աստծո որդի լինելու միակ ճանապարհը մանկան ճանապարհն է, ինչպես Քրիստոս է ասում, որ եթե չլինեք այս մանկան նման՝ երկնքի արքայություն չեք մտնի»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: