44 օր` ռազմադաշտում, պատերազմի առաջին օրից մինչև նոյեմբերի 9-ը։ Հենց այդ օրն էլ վիրավորվեց: Ստույգ մահից իրեն փրկել է ձեռքի բութ մատը, ինչպես ասում են` տղան շապիկով է ծնվել:
Վարդան Աղաջանյան, զինծառայող - Նաև գլխից եմ վիրավորվել, մատիս միջով է փամփուշտն անցել, խփել ճակատիս, մի քիչ խորը գլուխս քերծվել է: Առավոտյան ժամը վեցն էր, աչքիս դեմը միանգամից սևացել էր, տղաներն օգնեցին, հետո չեմ հիշում:
Հետո Երևանում ձեռքը վիրահատեցին, երեք շաբաթ հիվանդանոցում էր, արդեն 54 օր ձախ ձեռքը վիրակապած է։ Դեռ մեկ շաբաթ էլ պետք է դիմանա։ Մատները չի զգում:
Վարդան Աղաջանյան - Բութ մատիս խաղը չկա, այս երկու մատս կոնտուզիա տարած է, չեմ զգում, 4-րդ մատս էլ ջարդված է երեք տեղից, ճկույթս էլ է վնասված:
Պատերազմի օրերին չորս անգամ ուղիղ նայել է մահվան աչքերին, հրաշքով խույս տվել: Կռվի դադարի ժամին արված այս պահը ֆրանսիացի լրագրողն է որսացել, մի կարճ հարցազրույց վարել Վարդանի հետ: Հարցին, թե դժվար է դիմակայելը, պատասխանել է` մեր ոգին կոտրելն անհնար է:
Պատերազմի մասին գիտեր ֆիլմերից ու գրքերից, իսկ երբ հասավ զինապարտության տարիքին, ինքնուրույն որոշում կայացրեց, զինվորական ծառայությունը` Հայաստանում: Ծնողները չընդդիմացան, ընկերները` զարմացան: 8 տարի առաջ ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստան: 18-ամյա Վարդանի խաղաղ ծառայությունը տևեց 34 օր:
Վարդան Աղաջանյան - Ես չգիտեի, որ կռիվ կլինի: Միշտ հստակ է եղել իմ համար՝ ինչ էլ լինի, մինչև վերջ կկռվեմ իմ հայրենիքի համար: Հատուկ եկել էի հայրենիքս պաշտպանելու համար: Նույնիսկ չեմ փոշմանել, որ վիրավորվել եմ, շատ ուրախ եմ, հպարտ եմ իմ ծնողներով, որ ինչ այսպիսին են դաստիարակել:
Ծնողները Ռուսաստանում են: Թեղուտ գյուղի իր հորեղբոր ընտանիքն է այս տնից ճանապարհել բանակ, հիմա էլ խնամում են վիրավոր զինվորին: Գիշերն ու ցերեկը խառնվել էր՝ ասում է Աննան:
Աննա Հովհաննիսյան, Թեղուտ գյուղի բնակիչ - Երբ լսեցինք, որ գալիս է, վիրավոր է, չգիտեմ, ուրախացանք, դե տխրությունն էլ մի կողմից:
Վարդանը կարոտել է ծնողներին, ընկերներին, ծրագրավորողի իր մասնագիտությունը, բայց լիովին ապաքինվելու համար տևական ժամանակ կպահանջվի; Հունվարի 17-ին կդառնա 19 տարեկան: Հոգեբանի խորհրդով իր հավանած գիրքն է կարդում, օգնում է ծանր օրերի ապրումները մեղմելուն: Համեստ ու զուսպ զինվորը պատերազմի մասին դժվար է խոսում, զինակիցների կորստի ցավը դեռ թարմ է; Տրամադրությունն ամանորյա չէ, ասելիքը ժլատ է:
Վարդան Աղաջանյան - Կարևորը, որ զինվորը տուն վերադառնա, բոլոր մայրերին ու ծնողներին դա եմ ցանկանում: