Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Բարի կամքի» դեսպան Յուրի Ջորկաեֆը որոշել է Սուրբ Ծննդյան տոնն այս տարի նշել արցախցի երեխաների հետ: Երեխաները հետաքրքիր ժամանակ կանցկացնեն լեգենդար ֆուտբոլիստի հետ, նաև կստանան նվեր պլանշետներ, որոնց օգնությամբ նրանք կմասնակցեն հեռավար դասերի: Լեգենդար ֆուտբոլիստին օդանավակայանում դիմավորել է «Լուրերի» նկարահանող խումբը:
«Մոտ երկու ամիս է Ֆրանսիայի կառավարությունը մարդասիրական օգնություն է ցուցաբերում հայերին: Նախագահ Մակրոնն անձամբ է օգնում լոգիստիկ հարցերում: Հայաստանում եղել եմ դեկտեմբերին, այցելել եմ հիվանդանոց: Որոշեցի վերադառնալ Հայաստան Սուրբ ծննդին:
Ինձ համար շատ կարևոր է մոտ լինել հայ երեխաներին, աջակցել նրանց: Ֆրանսիան և Հայաստանը մշտապես լավ հարաբերություններ են ունեցել: Մենք անակնկալ ենք պատրաստել Արցախի երեխաների համար: Իմ այցը միտված է նաև կրթության զարգացմանը»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը: