ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։
«Նախորդիվ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանշաններով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս են գրվել, 6-ը շարունակում են ստանալ բուժօգնություն։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ ԱԱՏՄ Իջևանի բաժնի պետ-տեսուչ Վիլյամ Օհանյանի գլխավորությամբ, դադարեցվել է այն աղբյուրի ջրամատակարարումը, որից օգտվել են առողջական գանգատներով հիվանդանոց դիմած քաղաքացիները, և որից ջուր է մատակարարվում Ջուջևան համայնքի շուրջ 60 ընտանիքի։
Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են կատարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։ Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները, և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում։
ԱԱՏՄ-ն հետևում է կատարվող աշխատանքների ընթացքին և միայն ջրի որակին ներկայացվող պահանջներից շեղումները վերացնելու դեպքում կտա ջրամատակարարումը վերականգնելու թույլտվություն։
Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման քայլերը ԱԱՏՄ-ն օպերատիվ կերպով իրականացնում է նաև ոչ աշխատանքային օրերին»,- ասված է ԱԱՏՄ հայտարարությունում։