Հայուհի Աննան և ծնունդով Չիլիից, բայց Շուշիի Ղազանչեցոցում կնքված ամուսինը զանգահարում են ու ձայնագրություն թողնում BGR Group գրասենյակին՝ պահանջելով, որ BGR-ը դադարեցնի լոբբիստական աշխատանքն ադրբեջանական կառավարության համար։
Էռնեստո Բրավո, երաժիշտ - Ճիշտ չի լինի, որ Ամերիկան աջակցի մի կառավարության, որը չի կիսում այն նույն արժեքները, ինչ մենք։
Աննա Հոլլ, համայնքային ակտիվիստ - Ամերիկյան ընկերությունն աշխատում է Հայաստանի, հայ ժողովրդի դեմ: Մենք դեմ ենք դրան և ամեն ինչ անելու ենք հնարավորությունների սահմաններում:
Հայ համայնքը բազմիցս հանրահավաքներ է արել BGR-ի մուտքի մոտ՝ Վաշինգտոնի կենտրոնում։ BGR-ն աշխատում է արյունոտ փողեր, ու նման այլ ցուցանակներով ու վանկարկումներով։
Նարեկ Կույումջյան, Հայ Երիտասարդաց դաշնակցության տարածքային մասնաճյուղի ղեկավար - Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը մոլորության մեջ են, այդ թվում՝ նաև այն ապատեղեկատվական մեքենայի շնորհիվ, որն աշխատեցնում է BGR-ը։
Ամերիկյան «Զայլինքս» ընկերության մամուլի պատասխանատուն հարցմանն ի պատասխան ասում է, որ Հայ դատի գրասենյակից ստանալով ազդանշանը՝ հետաքննել էին ու պարզել, որ իրենց չիպերը թուրքական roketsan ընկերությունը կիրառում է հրթիռներում, որոնք օգտագործվել են Արցախում ռազմական հանցագործություններ իրականացնելու ընթացքում։ «Զայլինքսը» մեկն էր այն ընկերություններից, որոնք խզեցին կապերը թուրքերի հետ։
Արամ Համբարյան, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն - Բոլոր այն ընկերություններին, որոնց արտադրած բաղադրիչները գտանք թուրքական «Բայրաքթարներում», դիմել ենք ու ստացել բացատրություններ։ «Զայլինքսը», «Գարմինը», «Բերինջերը», «Վիասաթը» դադարեցրել են գործընկերությունները, խոստացել են խզել կապերը Թուրքիայի հետ։ Մի քանի այլ ընկերություններ դեռ չեն արել ճիշտ քայլը, բայց ամերիկահայ լոբբին շարունակում է աշխատել նաև նրանց հետ։
Այս ընթացքում հայ համայնքը հանրահավաքներ անցկացրեց Թուրքիայի հետ աշխատող մի քանի ընկերությունների գլխամասային գրասենյակների մոտ։ Թեմային անդրադարձավ ամերիկյան մամուլը՝ մի դեպքում նաև ամերիկյան լրագրողն էր հայ։
Արամ Համբարյան - Ըստ որոշ թվով արտադրողների, իրենք անտեղյակ էին, որ արտադրանքն օգտագործում էին թուրք զինվորականները։ Հետևաբար, այս հարցով պետք է համապարփակ քննություն տարվի ինչպես իրենց, այնպես էլ ամերիկյան կառավարության կողմից։
Մեր լոբբիստների աջակցությամբ օրենսդիր Ադամ Շիֆը նախաձեռնեց, Կոնգրեսը հաստատեց և նախօրեին Դոնալդ Թրամփն ստորացրեց 133 համարի օրինագիծը, որով ամերիկյան հետախուզությունը պետք է 3 ամսում զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ Ադրբեջանին և Հայաստանին ռազմական աջակցության, Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների մասին։ Այս համատեքստում ակնկալվում է նաև, որ կուսումնասիրվի հայերի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և ամերիկյան ռեսուրսների ներգրավվածության թեման։