Ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Վարչապետն իր ծավալուն հոդվածում շեշտում է՝ ԼՂ հարցում հասունացել էր պահը, երբ որևէ իրադարձություն պետք է տեղի ունենար: Ըստ Նիկոլ Փաշինյանի, վերջին տասը տարվում մի քանի առանցքային հանգրվաններ են եղել ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում: Առաջինը՝ Կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Բայց տեղի ունեցավ անկանխատեսելին. 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը՝ հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը, ով 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին: Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները, իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ՝ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվել, և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:
Սահմանային լարումը մեծանում է 2014, 15 թվականներին ու դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում: Ադրբեջանն օգտվում է ստեղծված հնարավորությունից և ավելի բարձր հայտարարում Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին: Վարչապետը շեշտում է՝ այս պայմաններում Ռուսաստանը կանգնում է բավականին դժվար կացության առաջ՝ հասկանալով, որ Հարավային Կովկասը կայուն պահելու նախկին գործիքակազմը վերանայման կարիք ունի: 2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Ըստ Փաշինյանի, առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում, ավելին՝ շրջանցում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
Նիկոլ Փաշինյան - Այս առաջարկները հայկական կողմին ներկայացվում են 2016 թվականի հունվարին: Հայկական կողմը մերժում է այն, 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում Ապրիլյան քառօրյա պատերազմը: Այս իրադարձությունից ամիսներ անց Սերժ Սարգսյանը հրապարակային խոսում է 80-ականների զենքերի մասին, իսկ մեկուկես տարի անց հրապարակային խոստովանում, որ Հայաստանը դեռ 2011 թվականին պատրաստ էր թողնել 7 տարածքները, բայց Ադրբեջանն ուզում է ավելին:
2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ ռուսական առաջարկներով: Փաշինյանը շեշտում է՝ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման էր: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն առաջ էր շարժվում այն տրամաբանությամբ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Վարչապետը նկատում է, որ կրակին յուղ էր լցնում նաև Թուրքիան, ում ձեռքերը երկարել էին ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո, և նա տարածաշրջանի կայունության միակ նախապայմանը համարում էր 7 շրջանների հանձնումը: Դրան զուգահեռ՝
Ադրբեջանն էլ, իր հերթին, շարունակել է հայտարարել, որ ԼՂ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ: Փաշինյանը շեշտում է՝ այս իրավիճակում է ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը:
Նիկոլ Փաշինյան - Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալն ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է: Այդ պատմությունն ունի մի քանի նշանային կետ. առաջինը՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ արձանագրվեց մեր միայնությունն աշխարհում, հաջորդը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցային գործընթացից, որը ԼՂ հարցն աստիճանաբար տեղավորեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ, հաջորդը՝ բանակցային այնպիսի տրամաբանության հաստատումը, որով 7 տարածքների հանձնումն Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդն Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը՝ ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմն Արցախի կարգավիճակի դուրսմղումն է բանակցային օրակարգից:
Փաշինյանը շեշտում է՝ բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր: Փաշինյանը նկատում է՝ ժամանակ ձգելու դարաշրջանն ավարտվեց 2016 թվականի Ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով: Ըստ վարչապետի, միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում էլ Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է:
Նիկոլ Փաշինյան - Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ և անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ» կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը: Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր, և գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով: Այդ ելույթի թեզերը հետևյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետև Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, և հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության և Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենևին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէր, այլ այն արդյունավետ դարձնելու՝ մեր պատկերացումների շարադրանք:
Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից և բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը, ըստ վարչապետի, սպառնալիք էր ստեղծել առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: Բացի այդ, նման ֆորմատը նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ: Փաշինյանի գնահատմամբ, 90-ականների երկրորդ կեսին սա Հայաստանի ամենամեծ և աղետալի դիվանագիտական վրիպումն էր, որն, ի դեպ, կարելի էր և թույլ չտալ:
Նիկոլ Փաշինյան - Այն ժամանակ, այո՛, Հայաստանը կարող էր հրաժարվել առանց Ղարաբաղի բանակցելուց, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր պատերազմի, դուրս չէր եկել պարտության շոկից և նույնիսկ բանակցային գործընթացի կասեցումը չէր կարող էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի և Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններից դուրս թողնելով՝ մենք չէինք էլ գիտակցում, որ փոքրացնում ենք Արցախի ինքնորոշման հնարավորությունները, որովհետև «օկուպացված տարածքի» ինքնորոշումը ո՞րն է, նման բան ի բնե լինել չի կարող: Նաև այս էր պատճառը, որ 2000-ականների առաջին կեսի բանակցային կուլմինացիան դարձավ «տարածքների փոխանակման» կոնցեպտը, ասենք՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց... Պակաս կարևոր չէր նաև Մադրիդյան սկզբունքների պարզաբանման հարցը: Ճիշտ է, Կազանյան մերժումով Ադրբեջանը վիժեցրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ֆորմալ առումով դրանք դեռևս գոյություն ունեին և Ադրբեջանը մեկնաբանում էր, թե Մադրիդյան սկզբունքները նշանակում են, թե Արցախի հայությունը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հայաստանը հակառակն էր պնդում, ինչը նշանակում էր, որ Մադրիդյան սկզբունքները ոչ թե հարցի կարգավորման բանաձև են, այլ անհասկանալի ինչ-որ բան: Եվ, հաջորդը, հանրային դիսկուրսի առումով հանդես եկա բավականին կառուցողական բանաձևով՝ հրապարակային պնդելով, որ ԼՂ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար: Այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: Եվ հենց այստեղ էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով և ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունն ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ և բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումն է:
Վարչապետը նկատում է՝ 2020թ. հուլիսյան մարտերն էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, բայց հայկական բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում ոչ մի զոհ չունեցանք: Դրանից հետո Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավեց: Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այն միակ անփոփոխ գործոնն էր, որ գոյություն ուներ վերջին 15 տարվա ընթացքում: Հայատյացությունը, Ղարաբաղն աներկբա ադրբեջանական համարելը, զենքի ուժով հարցը լուծելու շարունակական քարոզչությունը հասել էին գագաթնակետին: Բայց նույնիսկ այս պայմաններում է բանակցային գործընթացը շարունակվել: ԱԳ նախարարն անընդհատ քննարկումների մեջ էր համանախագահողների հետ: Բայց, ըստ էության, Ադրբեջանը չէր մտնում բանակցությունների մեջ՝ հստակ ցույց տալով, որ իր համար բանակցային նպատակն առաջվա նման շարունակում է մնալ առանց նախապայմանների տարածքների հանձնումը:
Նիկոլ Փաշինյան - Եթե մենք ասեինք՝ համաձայն ենք, պատերազմն, իհարկե, կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաև կանգնեցնել, ինչի մասին հայտարարեցի պատերազմի մեկնարկի առաջին օրը՝ ռազմական դրության կապակցությամբ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստում: Նման տարբերակը, սակայն, ոչ միայն ինձ համար ընդունելի չէր, այլև այդ օրերին չլսեցի որևէ ձայն, որ հենց այդպես էլ պետք է վարվել: Սրան, իհարկե, հանրահայտ հակափաստարկ կա. մյուսները, հանրությունը չէին տիրապետում կամ չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որ վարչապետն էր տիրապետում և ուրեմն՝ վարչապետն իր իմացած տեղեկատվության հիման վրա պետք է որոշում կայացներ։ Ճիշտ փաստարկ է, և իմ տիրապետած տեղեկատվությունն այն մասին էր, որ իրադրության լիցքաթափումը կամ պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետևանքների։ Եվ ուրեմն, որոշումն էր՝ պայքարել այդ աղետալի հետևանքների դեմ։ Արդյունքում՝ ավելի աղետալի հետևանքնե՞ր ունեցանք։ Գուցե։
Փաշինյանը շեշտում է՝ աղետի գործնական պարամետրերը չեն իմացել, բայց ներքին խմորումների սցենարը պատրեկացրել են:
Նիկոլ Փաշինյան - Միայն գիտենք, որ Շուռնուխի գյուղապետի «լայվերը» հաստատապես ներկա էին լինելու բոլոր սցենարներում, որովհետև Ղուբաթլուի շրջանն Ադրբեջանին էր հանձնվելու վերը նկարագրված բոլոր սցենարներում, Շուռնուխի ու Որոտանի 20 տների շուրջ սահմանային վեճը նույն կերպ ծավալվելու էր: Բայց հիմա մենք գիտենք, որ մինչև Շուռնուխի սահմանագծին հասնելը պայքարել ենք ամեն թիզ հողի համար: Խաղաղ հանձնման սցենարի ժամանակ է՞լ էինք պայքարելու: Ուրեմն՝ պատերազմն սկսվելու էր ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։ Այս սցենարով պատերազմը Շուռնուխի մատույցներում գոնե ավարտվել է, չնայած հիմա ոմանք ջանք չեն խնայում, հնարավոր և անհնար ամեն ինչ անում են, որ Շուռնուխի մատույցներում պատերազմը նորից սկսվի։ Գիտեմ, որ հոդվածի այս հատվածին բավական ճշմարտանման փաստարկ են բերելու, թե հողերի խաղաղ, բանակցային հանձնման պարագայում մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր էին լինելու, որովհետև մենք հանդես էինք գալու հաղթողի դիրքերից և կարող էինք ստանալ ավելին: Շատ լավ, կարող էինք՝ ստանայինք նախկինում, երբ Ադրբեջանը ռազմական առումով շատ ավելի թույլ էր: Հաղթողի դիրք ունեինք, բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում որևէ անգամ օգտագործեինք հաղթողի այդ դիրքը որևէ կոնկրետ արդյունք ապահովելու համար:
Վարչապետն իր հոդվածում նշում է, որ ոմանք պնդում են, թե իրենք գիտեին բանակցությունների հաղթական շարունակման սցենար և պատրաստվում էին այդ սցենարը կյանքի կոչել 2018 թվականին և դրանից հետո: Փաշինյանը սա ցինիզմի գագաթնակետն է համարում:
Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը և մյուս համանախագահներն իրենց առաջարկած պլանից հրաժարվելո՞ւ էին, համանախագահներն էլ համաձայնվելո՞ւ էին ի հեճուկս Ադրբեջանի՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչել: Եվ կրկին՝ այդպիսի հաղթական պլան իրագործող էիք, Կազանում իրագործեիք, եթե այդքան հաղթական պլան իրագործող էիք, այնպես անեիք, որ ռուսական պլան չստեղծվեր և սեղանին չդրվեր, եթե այդքան պատերազմ կանխող էիք, 2016 թվականի ապրիլյան պատերազմը կանխեիք, կամ մինչև 2018 թվականի հեղափոխությունը ձեր հաղթական բանակցությունների պլանն իրագործեիք: Թե՞ պիտի փաստարկեք, որ 5 շրջանները հանձնելու էինք, երկուսը պահելու՝ ԼՂ կարգավիճակի հետ փոխկապակցելու համար: Տրամաբանական փաստարկ է: Բայց ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 2018 կամ 2020 թվականին համաձայներ նրան, ինչի հետ կտրականապես համաձայն չէր 2011-ին, երբ Կազանում հրաժարվեց ստորագրել ԱԳ նախարարների մակարդակով համաձայնեցված փաստաթուղթը: Այն ժամանակ, հիշեցնեմ, Ադրբեջանը շատ ավելի քիչ էր պատրաստ պատերազմին: Մեկ ուրիշ ցնցող մեղադրանք էլ ի հայտ եկավ վերջին շրջանում, թե ես իմ հայտարարություններով Ադրբեջանին զրկել եմ բանակցություններով արդյունքի հասնելու որևէ հույսից, ինչով պատերազմը դարձրել եմ անխուսափելի: Ուրեմն ստացվում է, որ բանակցային գործընթացի ողջ իմաստն ու նպատակը, որ մարդիկ 20 տարի վարել են, եղել է Ադրբեջանին հույս տալը, որ ինքը բանակցություններով կարող է հասնել նրան, ինչին ուզում է հասնել պատերազմի միջոցով: Հենց սա՛ եմ ասում: Ասում եմ, որ 20 տարի վարած բանակցությունների նպատակն Ադրբեջանին հույս տալն է եղել, ես էլ, փաստորեն, Ադրբեջանին հուսախաբ անողը դարձա՝ մինչ այդ նրան տված հույսերի ֆոնին: Ադրբեջանին հույս տալու ռազմավարությունը վերջը ինչո՞վ էր ավարտվելու ու ե՞րբ: Մենք հույս էինք տալիս Ադրբեջանին, իսկ նա զենք էր գնում՝ զուգահեռաբար միջազգային տարատեսակ ատյաններում արձանագրելով ԼՂ հարցն իր տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու «միջազգային խոսույթը»:
Վերջում վարչապետն ասել է, որ պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, ետպատերազմական իրադարձությունների և, ամենակարևորը, Հայաստանի և Արցախի ապագայի մասին դեռ կանդրադառնա: