Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը՝ տեղեկացնում է aliq.ge-ն՝ հղում անելով Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի հայտարարությանը:
Վարակը հաստատվել է 50-ն անց տղամարդու մոտ, որի վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը մեկուսացված է: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ վարակված անձը չի եղել Մեծ Բրիտանիայում, սակայն Իմնաձեն չի կոնկրետացրել, թե որ երկրում է ճանապարհորդել պացիենտը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածը գործնականում առողջացած է:
Ըստ Իմնաձեի՝ կորոնավիրուսի նոր տեսակը չի տարբերվում հնից ծանրության և մահացության ցուցանիշներով, սակայն ավելի արագ է տարածվում: Նրա խոսքով շատ կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը: