2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի մայթերի կառուցումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղով: 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվել էր դեռևս 2019 թվականին։ Ճանապարհն անմխիթար վիճակում էր գտնվում, այն երբեք չէր նորոգվել, ինչն էլ խոչընդոտում էր, որպեսզի մարդիկ թանգարան այցելեին։
2020 թվականին ճանապարհի աջ և ձախ կողմերում 1,143 կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցմամբ էլ ամբողջացվել է դեպի արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգումը։
«Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից. արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է և այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում»,- ասվում է ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: