Քանի որ հետպատերազմյան Հայաստանում այլևս խնդիր չկա նախկինում «տաբու» համարվող կամ շատ զգայուն թեմաներով խոսելու, ապա ուզում եմ հատուկ խոսել առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության մասին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Առողջապահության նախարարի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո, երբ սկսեցի գնահատել տարատեսակ ծառայությունների վիճակը, հասկացա, որ դատական բժշկությունով, որպես այդպիսին, տասնյակ տարիներով չեն զբաղվել` սկսած շենքային պայմաններից ու սարքավորումներից, վերջացրած իրավական խնդիրներով:
Քանի որ այս ուղղությունը շատ կարևոր էր թե’ պետության ընդհանուր իրավակարգի պահպանման, և թե’ բուժօգնության որակի շարունակական բարելավման տեսանկյունից, ձեռնամուխ եղանք այս ծառայության համակարգային բարեփոխումներին, որոնք մինչ օրս էլ շարունակվում են և որոնց շնորհիվ մեր երկիրն այս ծանր ժամանակաշրջանում կարողանում է թեկուզ դանդաղ, բայց լուծել իր առջև դրված խնդիրները:
Նախևառաջ պարզվեց, որ տարիներ շարունակ ԱՆ դատաբժշկական ծառայությունն իր համանուն ՊՈԱԿ-ով օրինական կարգավիճակ չունի որևէ մարզում և այդ ծառայությունները մատուցվում էին մարզային ԲԿ-ների դիահերձարաններում` լռելյայն համաձայնությունների կամ ավելի շուտ տարաձայնությունների բացակայության հիման վրա:
Այս հարցի լուծման համար մենք նախաձեռնեցինք մի շարք կառավարության որոշումների ընդունում, որոնց արդյունքում բազմաթիվ մարզերում մեր դատաբժշկական ծառայությունն ունեցավ գործելու օրինական կարգավիճակ: Այդ մարզերն էին Լոռին, Շիրակը, Արմավիրը, Գեղարքունիքը, Կոտայքը, Վայոց Ձորը:
Կոտայքում, օրինակ, ծառայությունը կենտրոնացվեց Աբովյան քաղաքում, որտեղ զրոյից վերակառուցվեց նոր մասնաճյուղ` իր բոլոր ժամանակակից հնարավորություններով: Արմավիրում ծառայությունը կենտրոնացվեց Մեծամոր քաղաքում, ուր այս պահին լայն թափով ընթանում են շինարակական աշխատանքներ: Լայն թափով շինարակական աշխատանքներ են ընթանում նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի մասնաճյուղում, ինչպես նաև լուծվում է հողհատկացման հարցը Սևան քաղաքում:
Դեռևս լուծում չստացած մարզերում դատաբժշկական ծառայության մասնաճյուղերի հարցերը մեր օրակարգում էին և լուծման փուլում` Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Իհարկե, վերահաս պատերազմը որոշակիորեն «խառնեց» մեր պլանները և ավելի ցցուն դարձրեց մեր նախաձեռնածի կարևորությունը:
Մարզային մասնաճյուղերի կարգավիճակի «օրինականացումից» զատ ինտենսիվ զբաղվում էինք նաև Երևանում գործող գլխամասային մասնաճյուղի հզորությունների զարգացումով` հատկապես տարատեսակ սարք-սարքավորումների մասով: Հենց 2018թ. պետական բյուջեի միջոցներով ձեռք բերեցինք այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզատորը, որի աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ՝ 461 նույնականացում):
Երկրորդ այդպիսի անալիզատորն արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: Մինչ այդ սարքի տեղադրումը դատագենետիկական նույնականացումն իրականացվում էր հին և ոչ ճշգրիտ սարքերով: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, պետական բյուջեի միջոցների հաշվին, այս տարի տեղադրվեց նաև ժամանակակից գազային անալիզատոր՝ արյան մեջ տարատեսակ նյութերի ճշգրիտ որոշման համար, որն անհրաժեշտ էր բազմաթիվ քրեական վարույթների համար:
Մեր կողմից հատուկ ուշադրություն էր դարձվում նաև դատական բժիշկների նոր սերնդի կրթմանը, որպեսզի երկիրը բավարար թվով ապահովված լինի նման կարևոր մասնագետներով, և պետք է շեշտեմ, որ բժշկական ուսանողների մոտ հետաքրքրությունն այս մասնագիտության մասով վերջին տարիներին էականորեն աճել է` նաև ի շնորհիվ մեր վարած ոլորտային քաղաքականության:
Պատերազմի սկզբից մինչ օրս մեր դատաբժշկական ծառայությունն իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք` իրականացնելով 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարելով ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանն իրենց լուռ, բայց անգնահատելի աշխատանքի համար»,- գրել է Թորոսյանը: