Բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից: Համավարակը շատերին ստիպեց սկիզբ դնել նոր մասնագիտության, անցնել նոր աշխատանքի: Քովիդ-19-ը դարձավ շարժառիթ՝ արագ փոփոխվող բարձր տեխնոլոգիաների ոլորտը մասնագետներով համալրելու համար; Համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն սկսեց հեռավար, անվճար ծրագրավորման դասընթացներ՝ աշխատանքը կորցրածներին, նաև այլ ոլորտներից դեպի բարձր տեխնոլոգիաների բնագավառ ներգրավվել ցանկացողների համար:
Վիկտորիա Պողոսյան, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ - Ծրագիրը ոչ մի վայրկյան կանգ չի առել, ամեն կերպ փորձել ենք ապահովել բոլոր մասնակիցներին գիտելիքների պաշարով՝ շնորհիվ այն կազմակերպությունների, ովքեր մասնակցել են հայտարարված մրցույթին:
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպմանը նախարարությունը հատկացրել է 85 մլն դրամ: Նպատակ է դրվել մասնագետ գործազուրկների համար ստեղծել տեխնոլոգիական ոլորտում ներգրավվելու պայմաններ: Դասընթացներն անվճար էին, քննություններն առցանց; Ծրագիրը նաև մարզերի և Արցախի համար էր, կազմակերպվեց չորս փուլով՝ երկուական ամսով;
Անահիտ Սարգսյան, ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետի տեղակալ - Ունեցել ենք նաև ոչ տեխնիկական ուղղություններ, ինչպիսիք են նախագծերի կառավարումը, պրոդուկտ մենեջմենթը, նաև ունեցել ենք կիբեռանվտանգության դասընթացներ, դասընթացին դիմել են 13 հազարից ավելի քաղաքացիներ:
Մարզերի մասնակիցները ցանկություն են հայտնել ծրագրի ավարտից հետո իրենց բնակավայրերում ստեղծել տարբեր նորարարական ընկերություններ՝ զարգացնելով բարձր տեխնոլոգիաները: Նախարարությանն ուրախացրել է փաստը, որ ավագ տարիքի մասնակիցներ կան, որոնք պատրաստ են ծրագրի միջոցով աջակցել համայնքներին: Բացի այդ, նախարարությունը զուգահեռ սկսեց 16 ուղղությունով այլ դասընթացներ՝ բարձր տեխնոլոգիաները նոր հարթակ տեղափոխելու և շուկայի պահանջարկը բավարարելու համար:
Վիկտորիա Պողոսյան - Արդյունքում՝ ունեցանք 2000 մասնակից, որոնք այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ տեղափոխվեցին՝ հնարավորություն ստանալով վերցնելու բազային հիմքը:
«Ծրագրավորման հիմունքներ» ծրագիրը կշարունակվի նաև այս տարի: Տեսական ուսուցումից հետո մասնակիցները կանցնեն գործնական փուլի՝ տարբեր կազմակերպություններում; Իսկ ծրագիրը բարեհաջող ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատում է ոլորտի տարբեր կազմակերպություններում: