Time ամսագիրը ընտրել է 2020 թվականի երեխային (թեև ավելի ճիշտ կլիներ ասել` դեռահասին)՝ Կոլորադոյում բնակվող 15-ամյա մի աշակերտուհու՝ Գիտանջալի Ռաոյին: Այդ մասին հայտնում
BBC-ն։ Նման պատվի նա արժանացել է իրական խնդիրները լուծելու համար նորարարական գիտական գաղափարներ կիրառելու և այլ դեռահասներին մոտիվացնելու շնորհիվ: Աղջիկը ստեղծել է խմելու ջրի մեջ կապարի հայտնաբերման սարք և բջջային սարք՝ համացանցում ծաղրի դեմ պայքարելու համար: Ընդհանուր առմամբ, տարվա երեխա անվանակոչվելու համար պայքարել է մոտ հինգ հազար երեխա:
Անջելինա Ջոլիի հետ նրա հարցազրույցում Ռաոն խոստովանել է, որ ընդհանրապես գիտնականի տեսք չունի: «Հեռուստացույցով գիտնականներին սովորաբար ցույց են տալիս որպես տարիքով մեծ, սպիտակամորթ տղամարդ»,- ասել է նա և պատմել իր նոր նպատակների մասին: «Հիմա իմ խնդիրը ոչ միայն սարքեր ստեղծելն է, որոնք կլուծեն համաշխարհային խնդիրներ, այլև ոգեշնչել ուրիշներին, որովհետև սեփական փորձից ելնելով՝ շատ դժվար է, երբ կողքիններդ այնպիսին չեն, ինչպիսին դու»:
«Մեր սերունդը հանդիպել է նախկինում անհայտ շատ խնդիրների,- ասում է Ռաոն:- Միաժամանակ դեռ մնացել են հին և չլուծված բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ մենք ապրում ենք նոր գլոբալ համավարակի ժամանակ, և դեռ չլուծված է մնում մարդու իրավունքների հարցը: Կան խնդիրներ, որոնք մենք չենք ստեղծել, օրինակ՝ կլիմայական փոփոխությունները և համացանցում ծաղրանքները, բայց այդ խնդիրները պետք է մենք լուծենք»:
Ռաոն մեկ անգամ չէ, որ դրսևորել է խնդիրներ լուծելու իր կարողությունը: Անցած տարի նա հայտնվել է Forbes ամսագրի՝ մինչև 30 տարեկան 30 ամենանշանավոր մարդկանց ցանկում: Իսկ 2017-ին, երբ Ռաոն սովորում էր 7-րդ դասարանում, արժանացավ շնորհակալագրերի և Ամերիկայի լավագույն երիտասարդ գիտնական կոչմանը՝ Tehys սարքը ստեղծելու համար, որը ջրի մեջ հայտնաբերում է կապարի առկայությունը՝ ածխածնային նանոմանրաթելերի միջոցով: