Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2020 թ․ նոյեմբերի 9-ին Մի-24 ռազմական ուղղաթիռի խոցման գործով արարքը վերաորակվել է ավելի ծանր պատիժ նախատեսող հոդվածով (դիտավորյալ սպանություն), տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Քրեական գործը, որն ի սկզբանե հարուցվել էր ՌԴ Քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) վերաորակվել է 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն)», - հայտնել է գործակալության աղբյուրը:
Վերջինս նաև հավելել է, որ, չնայած ակնհայտ ապացույցներին, պետք է քրեական գործ հարուցվեր նախ այն հոդվածով, որով սովորաբար հետաքննվում են նման դեպքերը, հետո արդեն հավաքվեին հանցագործությունն առավել հստակ որակելու համար անհրաժեշտ նյութերը։
Աղբյուրը դժվարացել է ասել՝ որքան կտևի հետաքննությունը․ «Կան որոշակի բարդություններ․ կասկածյալները գտնվում են այլ պետության տարածքում»։
Նրա խոսքով՝ գործը քննում են Գյումրիի ռուսական բազայում տեղակայված ռազմական քննիչները:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինված ուժերը ՀՀ սահմանին՝ Երասխի մոտակայքում, խոցել էին ռուս խաղաղապահներին ուղեկցող Մի-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով ուղղաթիռի օդաչուներից մեկը զոհվել էր, երկրորդը՝ վիրավորվել: