Թուրք լրագրողները շարունակում են լուսաբանել Ադրբեջանի և Թուրքիայի վայրագություններն ընդդեմ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության կոթողների։ Վտարանդի լրագրող Ուզայ Բուլութը խմբագրական է հրապարակել ծայրահեղ իսլամիզմի, հակասեմականության և կրոնական անհանդուրժողության թեմաները լուսաբանող
Blitz էլեկտրոնային պարբերականում։ Հոդվածագիրը գրում է՝ «Թուրքիայի տարածքում եկեղեցիներն օգտագործվում են սրբապաշտական նպատակներով, մինչ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների եկեղեցիները ռմբակոծվում են։ Նրանց արձանները, զանգակատները և այլ խորհրդանիշները քանդվում են, ոչնչացվում կամ ենթարկվում վանդալիզմի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից»։
Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության կոթողներն այժմ հարձակման են ենթարկվում մուսուլման ադրբեջանցիների կողմից։ Նա որպես օրինակ է բերում Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, որը մեկ օրում ռմբակոծվեց երկու անգամ։ Այնուհետև թիրախավորվեցին և քանդվեցին տաճարի՝ հրեշտակների քանդակները։ Իսկ Շուշիում, Մեխակավանում, Բուլութի վկայությամբ, քանդվել և պղծվել են Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի արձանները, Կանաչ Ժամ եկեղեցին, Զբ Զորավոր Աստվածածին եղեկեցին։
«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը Ադրբեջանը թիրախավորել էր Արցախի հայ բնակչությանը՝ հարձակողական արշավի միջոցով՝ Թուրքիայի աջակցությամբ և Սիրիայից «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող վարձկանների մասնակցությամբ»,- նշում է Բուլութը։ Նա շարունակելով՝ նշում է, որ չնայած պատերազմող կողմերի միջև նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է հաստատվել, և Արցախի մի մասն անցել է Ադրբեջանին, ադրբեջանցիների կողմից շարունակվում են պատերազմի հանցագործությունները, ինչպիսիք են քաղաքացիների և ռազմագերիների գլխատումները, հայկական գերեզմանների ոչնչացումը։ Նրա խոսքով՝ այդ ամենը, ինչպես նաև պատերազմի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների տարերային ռմբակոծությունները, փաստագրված են։
«Միջազգային հանրությունն այդպես էլ խուլ ու կույր մնաց այդ դաժան հանցագործությունների հանդեպ, իսկ Ադրբեջանը շարունակում է հանցագործի իր «հպարտ» կեցվածքը»,- շարունակում է թուրք լրագրողը։
Հոդվածագիրը հիշեցնում է, որ միաժամանակ Թուրքիայում նույնպես շարունակվում են պատմական եկեղեցիների հանդեպ ոտնձգությունները։ «Քոնիայի նահանգի Աքշեհիր ավանում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին վերածվել է մշակութային կենտրոնի՝ հայտնում է «Ագօս» օրաթերթը։ Եկեղեցին հայտնի է որպես Անատոլիայի ամենամեծ հայկական տաճարներից մեկը։ Արդեն նախկին եկեղեցին շարունակելու է օգտագործվել որպես «Աշխարհի հումորի վարպետների մշակութային կենտրոն»։ Աքշեհիրում այլևս հայ քրիստոնյա բնակչություն չկա։ Դրա պատճառը 1914-1923 թթ․ Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյաների ցեղասպանությունն է, որի ընթացքում 1,5 միլիոն հայ է նահատակվել։ Մոտ մեկ միլիոն հույն և ասորի նույնպես սպանվել է այդ նույն ցեղասպանության ընթացքում»,- գրում է Բուլութը։
Նա մեջբերում է պրոֆեսոր Ռայմոն Գևորգյանի աշխատություններից մեկը, որում նշվում է, որ մինչև 1915 թ․ Աքշեհիրում բնակվել է մոտ 4,950 հայ։ 1859 թ․ կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցուց զատ եղել է 4 հայկական կրթական կենտրոն, որոնցից Սուրբ Ստեփանոսի դպրոցը հայտնի է եղել բոլոր գավառներում՝ իր հիանալի կրթական որակների համար։
Ազգությամբ թուրք Օզայ Բուլութը շեշտում է, որ այսօրվա Թուրքիայի տարածքում եղել է հունախոս Բյուզանդական կայսրությունը, որի կործանման հիմքը դրել են Միջին Ասիայից 11-րդ դարում արշաված Սելջուկները՝ 1071 թ․ Մանազկերտի ճակատամարտի ժամանակ։ Թուրք լրագրողը մեջբերել է պատմաբան Ռայմոնդ Իբրահիմի խոսքերը, որոնց համաձայն՝ «Մանազկերտի ճակատամարտը մահմեդական թուրքերի կողմից քրիստոնյա հայերի առաջին ցեղասպանությունն էր»։
Այնուհետև փոքրիկ վիճակագրության միջոցով Ուզայ Բուլութը տեղեկացնում է, որ վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ մինչև 1915 թ․ ցեղասպանությունը Թուրքիայի տարածքում եղել է 2300 հայկական եկեղեցի, 700 դպրոց, որտեղ սովորել է 82000 աշակերտ։ Դա միայն Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող եկեղեցիների ու դպրոցների թիվն է։ Այդ տվյալը չի ներառում հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների ու դպրոցների քանակը։ «Հետազոտողները դեռևս չեն կարողանում նշել Թուրքիայում կորած և թալանված հայկական եկեղեցիների ու դպրոցների կոնկրետ թիվը, իսկ այժմ էլ Արցախում հայերը և նրանց եկեղեցիներն են հայտնվել թիրախում և ոչնչացվում են»,- գրում է հեղինակը։
Եզրափակելով՝ հեղինակը նշում է․ «Թուրքիան և Ադրբեջանը՝ պատմության ընթացքում քրիստոնյաների դեմ հանցագործները, ևս մեկ անգամ բռնության են ենթարկում հայերին իրենց իսկ հայրենի հողի վրա՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Այսօր Արևմուտքի քրիստոնյաները և մարդու իրավունքների համաշխարհային կառույցներն ի՞նչ են անում այս հանցագործությունները կանգնեցնելու և հայ ժողովրդի համար անվտանգություն և մարդու տարրական իրավունքների պաշտպանություն պահանջելու համար»։