ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Իր ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի մաքսային համակարգն անցել է կայացման տարբեր փուլերով, որի ընթացքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, ներդրվել են էլեկտրոնային բազմաթիվ ծառայություններ, որոնք ավելի դյուրին ու անվտանգ են դարձնում մաքսավորի աշխատանքը՝ նպաստելով ՊԵԿ֊ի հանդեպ տնտեսվարողների վստահության մակարդակի բարձրացմանը:
Նոր՝ 2021 թվականը մաքսային ծառայողի համար պետք է լինի հետևողական և պատասխանատու աշխատանքի տարի: Թարմ և նորարարական մտածողությունը, վերածելով գործնական քայլերի, պետք է նպաստի Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգության մակարդակի հետագա բարձրացմանը: Մեր գերխնդիրն է՝ սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ստեղծել հարմարավետ և համահավասար պայմաններ։
Միաժամանակ, մաքսային ծառայողները պետք է աչալրջորեն և ամենայն պատասխանատվությամբ շարունակեն իրավախախտումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ աշխատանքը։ Այսօր, առավել քան երբևէ, մաքսավորը պետք է գիտակցի իր առջև դրված խնդիրների անթերի կատարման կարևորությունը և շարունակի արժանապատվորեն կրել իրեն վստահված պատասխանատվության մասնաբաժինը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, ուժ և կորով՝ ի նպաստ Ձեզ վստահված ոլորտի հետագա առաջընթացի և զարգացման»: