Ռումբերի տակ՝ սահմանից հոսպիտալ: Երկրի ու երկնքի միջև զինվորը նայում էր բժշկի ձեռքին՝ հավատալով ապաքինմանը: Առանց դադարի սպիտակ բանակը կռիվ էր տալիս, կյանքը չխնայող զինվորին կյանք վերադարձնում:
Հրահանգի չի սպասել. ընկերներին հավաքեց, միանգամից` Արցախ: Մարտունիում լրացրին մասնագետների պակասը: Վախը բթացել էր, մահվան մասին՝ մոռացել: Գիշեր-ցերեկ, ուտել, հանգստանալ, ամեն ինչից առավել խնդիրը մեկն էր՝ կյանքեր փրկել:
Տիգրան Քամալյան (Անոթային վիրաբույժ) - 18-20 տարեկան զինվորները, մեր հիմնական բանակը հոգեպես շատ բարձր մակարդակի վրա էшт, նրանք էին մեզ ոգևորում, բժիշկ ջան, չի ցավում, ինչ-որ պետք է արեք, կար շատ արտահայտված հոգատարություն մեկը մյուսի նկատմամբ։
Նախորդ երկու պատերազմում առաջնագծի բժիշկ Վարդանյանը այս մեկը համարում է անսպասելի ծանրության։ Զինատեսակներն ուրիշ էին, վիրավորումները նոր ձևի՝ բեկորային և ծանր այրվածքներով։
Սամվել Վարդանյան (Պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար) - էդպիսի դեպք չեղավ, որ որևէ մեկին օգնություն ցույց չտանք, նույնիսկ անհույս, որ սիրտը կանգնել ա, արյունահոսության մեջ ա, մինչև վերջ պայքարում էինք։
Արյան մեծ կորուստ, վնասված օրգաններ, առաջնագծից դեպի հոսպիտալ երկար թվացող ճանապարհ ... Այդքանով հանդերձ, ժպտացող զինվորը բժշկին ստիպում էր պրակտիկայում առաջին անգամ անսպասելի ռիսկի գնալ, որ տղերքը նորից ժպտան։
Անտեսելով պայթող արկերը, սպիտակ բանակի կամավորները մի հոսպիտալից մյուսն էին շտապում, վիրահատություններ կատարում առանց պատուհան, երբեմն էլ առանց դռների սենյակում։
Արթուր Ավետիսյան (Անոթային վիրաբույժ) - Եթե զինվորը տեսնում է, որ մոտիկ է բժիշկը, մոտիկ՝ հոսպիտալը, ավելի ոգևորված է, ավելի հանգիստ, երբ հեռու է բժշկական օգնությունը, զինվորը ընկճվում է։
40 օր Մարտունիում՝ թեժ մարտերից մոտ մեկ կիլոմետր հեռու՝ թշնամու հարվածից հոսպիտալն ավերվեց, իսկ իրենք մնացին սենյակում՝ շարունակելով վիրահատությունները։
Պայթյունները նրանց չստիպեց լքել տարածքը, շարունակեցին պայքարը, միացան դաշտից վիրավորներ դուրս բերող խմբերին՝ բուժօգնություն ցուցաբերելով անգամ շտապօգնության մեքենաներում։
Նորայր Միքայելյան (Դիմածնոտային վիրաբույժ) - Ոչ մեկը վիրավորին չի թողել, գնա, թաքնվի, գա ու նորից վիրահատությունը շարունակի:
Աշխատել են ժամացույցի պես, թիկունքից իրենց ընկերներն էլ անհրաժեշտ սարքեր և պարագաներ էին հասցնում առաջնագիծ։ Նույնիսկ վիրավոր ժամանակ տղերքը, որոնց վնասվածքները խոր չէին, հրաժարվում էին օգնությունից, ստիպում առաջնագիծ ուղարկել, որ ընկերները միայնակ չլինեն:
Նորայր Միքայելյան - Ստիպում էին մեզ չտարհանենք, հետ գնան առաջնագիծ, զենքեր կային, որ մենակ իրենք էին տիրապետում։
Սպիտակ զինվորներին ուրախացնում էր անզգայացումից արթնացող զինվորի ձայնը՝ լավ եմ, գնում եմ սահման։ Այն, ինչ տեսել, արել են, խստովանում են՝ հոգեբանորեն գուցե պատրաստ չէին, բայց պարտավոր էին։
Վստահեցնում են՝ զինվորն արագ ապաքինվում էր կամքի և հավատի շնորհիվ: Իրենք պարզապես օգնել են: