Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ՝ դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է մի շարք այցելություններ։
Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղել է Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը է բերել ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։
Նորին Սրբությունը զրուցել է արցախցի ընտանիքների հետ՝ տեղեկանալով ապագայի վերաբերյալ նրանց ծրագրերին, ապա Սուրբծննդյան նվերներ բաշխել տարեցներին և երեխաներին։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքն է բերել նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորականներին։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն այցելել է բոլոր հիվանդասենյակները՝ իր աղոթքը կատարելով Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքում վիրավորված քաջորդիների համար և հետաքրքրվելով նրանց ապաքինման ընթացքով, առկա կարիքներով։
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր։
Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել սահմանապահ զինվորականներին՝ մեծապես արժևորելով հայ զինվորի ու հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Ջերմ զրույցի ընթացքում Վեհափառն ընդգծել է, որ Հայոց բանակը եղել և մնում է հիմնական երաշխավորը անկախ պետականության պահպանության և հայրենաբնակ մեր ժողովրդի պաշտպանության։
Նորին Սրբությունը հաստատել է, որ Արցախյան պատերազմում հայրենյաց պաշտպանների դրսևորած արի ոգին, նախանձախնդրությունը, անձնազոհ և եղբայրասեր կերպարը միայն հպարտության զգացումով են լցնում իր հոգին։ Վեհափառը նաև աղոթքով հիշել է նրանց ծառայակից նահատակ եղբայրներին և այլևս պատմության մեջ արձանագրված նրանց սխրանքները, որոնք ուժ պիտի տան համայն մեր ժողովրդին կերտելու հայրենիքի նոր լուսավոր օրը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սրբապատկերներ ընծայելով զինվորներին, անփորձանք և ապահով ծառայություն է մաղթել ամենքին՝ նշելով, որ մեր զինականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։