Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես երեկ
հաղորդվել է, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել ՀՀ տարածքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:
Ի լրումն ողջ հայության և ՀՀ ու ԱՀ կառավարությունների հսկայական ջանքերի՝ ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների բազմաթիվ սոցիալական առաջնահերթ խնդիրները:
Ե՛վ այդ կարևոր ֆինանսական աջակցության, և՛, ընդհանրապես, Արցախում իրականացվող հումանիտար լայնածավալ ծրագրերի ու խաղաղապահ առաքելության համար մեկ անգամ ևս արցախահայության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալական խոսքն եմ հղում նաև մեզ աջակցության ձեռք մեկնած բոլոր երկրներին ու կազմակերպություններին: Դե, իսկ հայության անվերապահ աջակցության մասին բազմիցս խոսել եմ և իմ երախտագիտությունն ու հպարտությունը հայտնել մեր համազգային համախմբման առթիվ:
Արցախը երբեք չի մոռանա: Աստծո զորավոր Օրհնությունը թող անպակաս լինի բոլորիցդ, իսկ գալիք տարին՝ զերծ նոր արհավիրքներից»: