ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով:
«Սիրելի տավուշցիներ, մենք ծանրագույն տարի ունեցանք՝ սկսած համավարակով առաջ եկած դժվարություններից մինչև Արցախյան պատերազմ: Խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նրանց ծնողների և ընտանիքի անդամների առջև: Հույս ունեմ, որ մենք օր առաջ կավարտենք անհայտ կորածների հայտնաբերման աշխատանքները և օր առաջ հայրենիք կվերադարձնենք մեր գերեվարված տղաներին: Մենք մեծ աշխատանք ունենք անելու վիրավորների վերականգնման, կյանքին իրենց ինտեգրման ուղղությամբ: Մենք պետք է օգնենք, որպեսզի նրանք նոր մասնագիտություններ ստանան և լիարժեք կյանքով ապրեն:
Պատերազմը մեզ առերեսեց իրականության հետ՝ առ այն, որ հաղթելու համար մենք շատ ավելի մեծ ջանք և գիտելիք պետք է ունենանք: Մենք պետք է բազմապատկենք զարգացման տեմպերը, որը մենք փորձել ենք ունենալ նախորդ տարիների ընթացքում: Սա է հաղթելու ճանապարհը և հնարավորությունը:
Տնտեսությունը հաջորդ կարևոր հանգամանքն ու ուղղությունն է, որը պետք է ապահովի մեր հաջողությունը: Աշխատող, արարող մարդուց, ձեռներեցից և գործարարից է առաջին հերթին կախված մեր հաջողության ապահովումը:
Մենք չենք կարող հաջողություն ունենալ առանց որակյալ կրթության: Իսկ որակյալ կրթության համար պետք է մեծ ջանք թափել: Դրա մասնակիցը պետք է լինեն բոլորը՝ ուսուցիչը, աշակերտը, ծնողը:
Տավուշցին նաև սահման է պահում՝ որպես զինվորական, աշխարհազոր կամ, ընդամենը, սահմանի վրա ապրող մարդ, որով երաշխավորում է մեր սահմանի անվտանգությունը: Մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի մեր սահմանների անվտանգության, մեր երկրի հզորության ապահովմանը: Մենք չենք կարող ապավինել խաղաղությանը, այլ պետք է ապավինենք մեր ուժին, մեր մտքին, մեր աշխատանքին:
Սիրելի հայրենակիցներ, մեր հաջողությամբ է պայմանավորված մեր հայրենիքի ապագան: Թող նոր տարում մենք բավարար ուժ ու կամք ունենանք դա իրականացնելու համար: Առողջություն և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին և մեր հայրենիքին»,- ասված է ուղերձում: