Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի Քովիդ-19-ի բաժանմունքը 2021 թվականի սկզբից կընդարձակվի: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 30-ին Մարտունու բժշկակական կենտրոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է բաժանմունքի ընդարձակման հետ կապված աշխատանքներին։
Ինչպես ներկայացրել է Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, բաժանմունքի լրացուցիչ սենյակները կահավորվում ու շահագործման են նախապատրաստվում գործող բաժանմունքից առանձին, մեկ այլ հարկաբաժնում։
Արդեն հիմնանորոգված են բաժանմունքի ընդարձակման համար նախատեսված բոլոր սենյակները, ընթանում են մաքրման և կահավորման աշխատանքներ։ Բաժանմունքի ընդարձակված հատվածը դրական ախտորոշում ունեցողներին կընդունի 2021 թվականի առաջին օրերից։ Պահանջվող ֆինանսական միջոցները հատկացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Կահավորումն ընթանում է առանց խնդիրների՝ նախատեսված ժամանակացույցին համապատասխան։ Տեղադրված են 20 մահճակալներ և թթվածնի 15 կետեր։ Հաշված օրերի ընթացքում մենք բաժանմունքի նոր հատվածում կընդունենք մեզ դիմած քաղաքացիներին»,- ներկայացրել է ԲԿ տնօրենը։
Գնել Սանոսյանը շրջել է հիմնանորոգված և կահավորված սենյակներում, զրուցել բուժանձնակազմի հետ, տվել համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
«Բաժանմունքի ընդարձակման անհրաժեշտությունն առաջացավ այս տարվա հոկտեմբեր ամսին, երբ Մարտունու բժշկական կենտրոնը, բացի կորոնավիրուսով հիվանդներից, ընդունեց նաև Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին։ Նման գերբեռնվածության պայմաններում մենք որոշեցինք ընդարձակել համապատասխան բաժամունքը։ Նախատեսեցինք գործող մահճակալների թիվը 50-ից հասցնել 70-ի։
ՀՀ առողջապահության նախարարությունը դրականորեն արձագանքեց մեր առաջարկությանը, և այսօր արդեն ունենք այս կարևոր ձեռքբերումը, հատկապես, որ համավարակը դեռ չի նահանջել։ Հուլիսից մինչ տարեվերջ Մարտունու բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման միջոցով առողջացել են վարակված 440 հիվանդ։
Այստեղ բուժվել են ոչ միայն մեր մարզի, այլև Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ։ Այդ ընթացքում բաժանմունքի բժիշկները նվիրական գործ են կատարել»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը: