Հրայրն այս դարպասներով հիմա պետք է ծանր պայուսակներով ներս մտներ: Ամեն տարի այդպես է եղել: Նոր տարուց առաջ մորը որքան էր օգնելու ... բայց գործողություններ կան, որ մեկ ձեռքով ոչ մի կերպ չես անի... Հրայրը հերթով թվարկում է դրանք ու կիսվում ապրումներով, որ ունեցել է այն պահին, երբ հայտնաբերել է՝ մի ձեռքը չկա:
Հրայր Ասատրյան - Էդ ժամանակ ոնց որ բան չէի լսում, պատկերը աչքերիս դեմը շաղվում էր: Տեսա` ընկերներս սաղ ինձ էին նայում, հետո նայեցի ներքև, տեսա` ոտքերս լրիվ արյուն ա, աջ ձեռքս կա, ձախը՝ նայեցի՝ չկա...
Ձեռքը կորցնելուց հետո տղայի առաջին մտահոգությունն էր. «Բա հիմա ինչպե՞ս եմ ընտանիքիս օգնելու»:
Հրայր Ասատրյան - Ճիշտն ասած, պատկերացում չունեի՝ ոնց ա լինելու: էդ պահին գոռում էի՝ ո՜նց եմ տուն պահելու...
Մայրը պատմում է, որ, անկախ տարիքից, ընտանիքի համար տղան միշտ ամուր թիկունք է եղել:
Գայանե Պիջոյան (Հրայրի մայրը) - Ինքը շատ կազմակերպված, բոլորիս նկատմամբ հոգատար, մեր ընտանիքի հոգսը միշտ վերցրել ա իրա վրա: Դե, պապան խնդիրներ ունի...
Ձեռքը կորցնելուց առաջ Հրայրն ընկերոջ հետ թշնամու 4 տանկ է խոցել: Ընկերը՝ Կարոն, զոհվել է 5-րդ տանկը խոցելիս: Պատերազմի միջով անցնելուց, ամպուտացվելուց ու ընկերների կորստի մեծ շոկն ապրելուց հետո տուն մտնելուն պես Հրայրին կրկին ապրելու ուժ է տվել փոքրիկ Դավիթը՝ կրտսեր եղբայրն ու ծառայության օրերի՝ ամենամեծ կարոտը:
Ոչինչ, որ նրան երկու ձեռքով ամուր գրկել չի կարող: Դեռ չի կարող... բայց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից Հրայրին գտել, հերթագրել են, որ հունվարին պետք է ձեռքը պրոթեզավորեն: Նա առաջին 40 պրոթեզավորվողներից կլինի:
Լուսինե Պողոսյան (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր մասնագետ) - Դրանք էն թվերն են, որ մենք գնացել ենք, հավաքել ենք հիվանդանոցներից... մենք փորձում ենք «մեկ պատուհանի» միջոցով գտնել բոլոր տղաներին:
Հայրենիքի պաշտպանի կենտրոնում հունվարին կբացվի Հայաստանի առաջին զինվորական պրոթեզարանը: Աշխատանքները մեկնարկել էին մինչև պատերազմը: Ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդներում մեր հայրենակցի ու տարբեր կազմակերպությունների աջակցությամբ: Քանի որ Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ շատ են նաև ձեռքի անդամահատումներով զինվորները, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը կենտրոնին առաջարկեց իրականացնել նաև ձեռքի պրոթեզավորման ծրագիր:
Նարեկ Մկրտչյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Քանի որ Զինվորի տանը պետք է արդեն հունվարին գործի ժամանակակից՝ ոտքերի պրոթեզավորման լաբորատորիա, և քանի որ Զինվորի տանն արդեն բավականին լավ ենթակառուցվածքներ կան, որոշեցի, որ համագործակցությունը սկսեմ հենց Զինվորի տան հետ, և համատեղ սկսեցինք քննարկումները, բանակցությունները և՛ հոլանդա-գերմանական ընկերության, և՛ իսլանդական «Օսուրի» հետ:
Բանակցություններից արդեն գործի են անցել: Հունվարին տղաները կունենան Հայաստանում երբևէ չտեղադրված՝ ձեռքի ֆունկցիոնալ պրոթեզներ:
Հրայրի ընտանիքը համացանցից էր իմացել այս նոր պրոթեզների մասին, բայց որ Հայաստանում անվճար հնարավոր կլիներ նման ծառայություն ստանալ՝ չէին էլ պատկերացնում: Մտածում էին՝ կկարողանա՞ն արտերկրում Հրայրին պրոթեզավորել: Տղաների պրոթեզավորման ծրագրի աջակցությանն են միացել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանից ու սփյուռքից անհատներ, կազմակերպություններ, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը:
Լիլիթ Միրզոյան (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատակազմի ղեկավար) - Նոր աջակիցներ ենք ներգրավում, որպեսզի կարողանանք բոլոր զինվորներին ճիշտ ժամանակին իրականացնել պրոթեզավորումը:
Շատերի մոտ հարցեր են առաջանում. ինչպե՞ս է արհեստական «ձեռքը» ենթարկվելու մարդու ուղեղի հրահանգներին:
Լուսինե Պողոսյան - Սենսոր մասնիկներ են, համապատասխան նյարդի վերջույթներին են միանում, և արդեն էդ նյարդից հետո շարունակությունը ոնց որ փոխանցում է մետաղական այդ լարի արդեն մյուս կոնստրուկցիաների միջոցով ձեռքին՝ պրոթեզին: Այսինքն՝ մարմնի այն հատվածը, որտեղ ընդհատվում են նյարդերը, շարունակություն է ստեղծվում արդեն պրոթեզին և գլխուղեղի միջոցով:
Պրոթեզն աշխատեցնելը հեշտ չի լինելու: Տղաներին մասնագետները կօգնեն, կհմտացնեն: Հրայրն անհամբեր է. դրանից են կախված միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողի հետագա կյանքի բոլոր պլանները:
2021-ի փոփոխություններին սպասելիս նույնիսկ անհնարն է հնարավոր դարձել:
Լայվ. Մեքենա վարելը երևի մտածում էի, որ դժվար կլինի:
Այդ դժվարությունն էլ հաղթահարեց: Պրոթեզին հարմարվելն ի՞նչ է որ... եթե դա է եղբորը, մորը, հետո սիրելիին երկու ձեռքերով ամուր գրկելու գինը: