Ամբողջ աշխարհում ամանորյա տոնակատարություններին փոխարինում են համավարակով պայմանավորված սահմանափակումները, քանի որ շատ երկրներ փորձում են հաղթահարել կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Տոնական միջոցառումներն ու մարդկանց հավաքները չեղարկվել են Սիդնեյից մինչև Նյու Յորք: Նոր տարին առաջինը դիմավորող երկրներից մեկն Ավստրալիան է: Սիդնեյում հրավառություն է անցկացվել, սակայն հանրությանն արգելվել է հավաքվել քաղաքի նավահանգստում՝ տոնակատարությունը մոտիկից դիտելու համար:
Առավել խստացված սահմանափակումներ են գործում հատկապես Եվրոպայում: Ֆրանսիայում մոբիլիզացվել է 100 հազար ոստիկան՝ ամանորյա հավաքույթները ցրելու և գիշերային պարետային ժամ սահմանելու համար: