2020-ի չարիք՝ քովիդ-19 անունը ստացած համավարակ, որ պատուհասեց աշխարհը, թակեց միլիոնավոր դռներ, լցրեց հիվանդանոցներ ու խլեց մեկ ու կես միլիոնից ավելի կյանքեր: Չարաբաստիկ թագավարակը հեռավոր չինական Ուհանից Հայաստան հասով ընդամենը 2 ամիս անց: Մարտի 1-ին հայտնաբերվեց առաջին վարակակիրը: Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի բաժնի պետի խոսքով՝ իրենք գիտեին, որ վարակից խուսափել չի ստացվելու, ու նախապատրաստվել էին՝ նախքան կգրանցվեին դեպքերը: Վարակի դեմ պայքարի համար վերապատրաստվեցին բժիշկներ, վերապրոֆիլավորվեցին հիվանդանոցներ, սկսվեց ակտիվ գործակցություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
Ռոմելլա Աբովյան (ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ) - Հայտարարվեց արտակարգ իրավիճակ, բոլոր կոնտակտավորները մեկուսացվեցին պետության հաշվին, սահմանվում էր հսկողություն, թեստավորում, դա տևեց մինչև հունիս ամիս:
Հունիսի 1-ից հետո մինչև նոյեմբերի 1-ը սահմանվեց նոր կարգ՝ կոնտակտավորները ոչ թե պետության հաշվին, այլ պետության վերահսկողությամբ 14 օր պարտադիր ինքնամեկուսանում էին: Բջջային հավելվածով էլ ստուգվում էր՝ արդյոք կոնտակտավորը խախտե՞լ է պայմանը, թե՞ ոչ:
Ռոմելլա Աբովյան - Իսկ վերջերս, երբ ունեցանք կտրուկ աճ դեպքերի, արդեն որպես այդպիսին մեկուսացումը ակտուալ չդարձավ, ստեղծվեց ահազանգման կենտրոն... մինչ օրս էլ դա իրականացվում է:
Ըստ Ռոմելլա Աբովյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություններ գրանցվել են, երբ բացօթյա ու փակ տարածքներում, տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր դարձավ:
Ռոմելլա Աբովյան - Դա մոտ հունիսի 6-ն էր, դրանից ի վեր հիվանդության երկու գաղտնի շրջան անց մենք արդեն ունեինք դեպքերի նվազում 2.3 անգամ, իսկ չորս գաղտնի շրջան անց՝ 2.7 անգամ նվազում: Կտրուկ դեպքերի նվազում ունեցանք:
Պայքարի մյուս ձևը, որ կրկին նվազեցրեց վարակի տարածումը, կրթական հաստատությունները փակելը կամ առցանց դասապրոցեսին անցնելն էր: Վերարտադրողականության ցուցանիշը 1.4-ից նվազեց 0.8: Երբ սկսվեց պատերազմը, թիկունքում բարդացավ վարակի դեմ պայքարը: Միջինը այդ օրերին գրանցվեց 2300 - 2400 դեպք: Առողջապահության համակարգը պարալիզացվեց, հիվանդանոցներում սկսվեցին հերթեր:
Այսպիսով, Քովիդ-19-ի վիճակագրությունը Հայաստանում տարվա կտրվածքով այսպիսին էր: Կորոնավիրուսը մեր երկիր հասավ մարտին՝ վարակելով 571 քաղաքացու, հաջորդ ամիս՝ ապրիլին, այն աճեց 3 անգամ՝ վարակակիր էր 1577 մարդ: Աճի տեմպը 5-րդ և 6-րդ ամիսներին կրկին շարունակվեց՝ 7344 և 16573 վարակակիր կար այդ ամիսներին: Նվազում գրանցվեց միայն տարվա 7-րդ ամսում. հուլիսին Հայաստանում վարակվեց նախորդ ամսվանից 4000-ով ավելի քիչ քաղաքացի, նվազումը կազմեց 23 տոկոս: Օգոստոսին վարակի ամենաքիչ նոր դեպքեր գրանցեցին՝ 5037 դեպք՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 61 տոկոսով: Սեպտեմբերին վիրուսակիրների թիվն ավելացավ 2000-ով: Վարակի երկրորդ ալիքը մեզ մոտ վրա հասավ հոկտեմբերին: Միայն այդ ամսին 41 հազարից ավելի դեպք հայտնաբերվեց՝ նախորդ ամսվա համեմատ գրանցելով 494 տոկոսի աճ: Այս տարվա ամենաբարձր ցուցանիշը եղավ նոյեմբերին՝ 43713 նոր դեպք: Դեկտեմբերին աճի տեմպը կրկին նվազեց` նախորդ ամսվա համեմատ 2 անգամ ավելի քիչ վարակակիր է եղել: Վերջին տվյալով՝ այս ամսին գրանցվել է մոտ 20 հազար դեպք: Ցավոք, թագավարակից առաջին մահը գրանցվեց մարտին՝ խլելով 3 մարդու կյանք, իսկ ահա տարեվերջին մահվան դեպքերը գերազանցում են 2800-ը: Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը ծախսեց 15 միլիարդից ավելի, որից մոտ 5 միլիարդը՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման համար, 2 միլարդից ավելին՝ դեղորայքի, 3 միլիարդից ավելին տրամադրվել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը:
Այսօր վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է՝ վիճակը մասնագետները կայուն են գնահատում: Բայց հորդորում-խնդրում են՝ Ամանորը տոնել նեղ ընտանեկան միջավայրում, առանց կուտակումների: