ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Շատ շուտով մենք դիմավորելու ենք 2021-ը։ Անցնող տարին, թերևս, ամենածանր տարիներից մեկն էր նորանկախ Հայաստանի Հանրապետության ծնունդից ի վեր։ Արցախյան վերջին պատերազմը և նոր կորոնավիրուսային համավարակը խլեցին մեր սիրելիներից շատերին և ստեղծեցին սոցիալական, տնտեսական և հոգեբանական լրջագույն խնդիրներ։
Արցախյան պատերազմում հերոսաբար ընկածների տեղը դեռ երկար ենք զգալու մեր կյանքում։ Բայց հենց հանուն նրանց մենք պիտի մեր արցունքների միջից ուժ գտնենք կյանքի կոչելու նրանց իղձերն ու երազանքները, թեկուզ ցավը մեր սրտերում՝ ջանք չխնայենք՝ ամրացնելու մեր անվտանգությունը, հաղթահարելու սոցիալական և տնտեսական մարտահրավերները, դնելու համազգային վերածննդի և նոր զարգացման հիմքերը։
Հանուն հայրենիքի նահատակվածների ծնողներ և զավակներ, կանայք և ամուսիններ, քույրեր ու եղբայրներ, դուք հայրենիքին նվիրեցիք ձեր ամենաթանկը, և Հայրենիքը հավերժ հիշելու է ձեր անգին զոհողությունը։ Միևնույն ժամանակ պետությունը ջանալու է ամեն րոպե լինել ձեր կողքին՝ թեթևացնելու ձեր ուսերին ընկած ահռելի ծանրությունը։
Անհետ կորած և գերեվարված մեր տղաների ընտանիքների սիրելի անդամներ, պետությունը անդադար շարունակելու է իր աշխատանքները՝ ձեր որդիներին օր առաջ ձեզ վերադարձնելու ուղղությամբ։
Այս պահին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների սիրելի ծնողներ, արվելու է առավելագույնը՝ մեր տղաների անվտանգությունն ու մարտունակությունը բարձրացնելու, զուգահեռաբար նրանց շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու և սրացումները կանխելու ուղղությամբ։
Իրենց բնակավայրերը կորցրած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրելի արցախահայեր, դուք այս պահին գտնվում եք մեր բոլորի մեծ տանը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ արվելու է առավելագույնը՝ Արցախում ձեր տների վերականգնման և ձեր կյանքը արժանապատիվ պայմաններում շարունակելու համար։
Սիրելի հայրենակիցներ,
Կենաց բարձրացնենք և թեկուզ արցունքները մեր աչքերին, բայց խմենք բոլոր նրանց կենդանի կենացը, ովքեր ընկան, որ մյուսներն ապրեն, ընկան, որ մեր Հայրենիքում շարունակեն հնչել նորածինների ճիչերն ու մանուկների անհոգ ծիծաղը, ընկան, որ Հայրենիքը կանգուն մնա։ Խմենք նրա՛նց կենացը և հանուն նրանց խոստանանք, որ 2021-ը լինելու է միմյանց նկատմամբ հոգատարության, համերաշխության ու միասնության տարի, հերոսներին արժանի ապրելու տարի։ Խոստանանք, որ հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա, Հայաստանի ու Արցախի ապագայի՝ Աստծո օրհնությամբ մենք ուժ ենք գտնելու վերածնվելու, ապրելու և զարգանալու։
Եվ ուրեմն՝ բարի գալուստ, Վերածննդի տարի, բարի գալուստ, 2021 թվական։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի ժողովուրդ»։