ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում առկա խնդիրները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող առերևույթ խախտումների վերաբերյալ քրեական գործերը՝ ս․ թ․ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում կայացել էր հանդիպում աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ։
«Հանդիպման արդյունքում գործընկերոջս՝ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկով ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրում։
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ ֆինանսների նախարարի 2020 թ. հոկտեմբերի 14-ի թիվ 20-Ա, նոյեմբերի 4-ի թիվ 21-Ա և նոյեմբերի 9-ի թիվ 22-Ա հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2020 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել է 2016-2019 թթ. և 2020 թ. հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատման ստուգում, որն ավարտվել է 2020 թ. նոյեմբերի 24-ին։
Ստուգման արդյունքում արձանագրվել են տարաբնույթ առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին։
Որպես ոլորտը կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ ցանկանում եմ վստահեցնել, որ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը և բոլոր գիտական և կրթական հաստատությունները շարունակ գտնվելու են մեր տեսադաշտում՝ ոլորտի բարեփոխումների, զարգացման, արդիականացման և հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը: