ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Թռչունյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Գիտության և կրթության բնագավառներում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ 64 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-ռուսական համալսարանի Բժշկական կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը։