Ցուցանակով և ընկույզով լի դույլով 6-ամյա Վահեն փոթորկեց համացանցը: Արմավիրցի փոքրիկը բանակին օգնելու համար գործի անցավ՝ ընկույզ էր վաճառում՝ հատը 100 դրամով:
Վահե Հովհաննիսյան - Ասում էի՝ 100 դրամ ա, 1000 դրամ էին տալիս:
Նստեց մայթին, հանգանակության արկղը՝ դիմացը: Ամեն օր Վահեն «Հայփոստ» էր գնում, գումար փոխանցում: 6-ամյա արմավիրցին մոտ 7 մլն դրամ հանգանակեց:
Անկախ տարիքից, պաշտոնից, գտնվելու վայրից, պատերազմի օրերին շատերը մասնակից դարձան թիկունքային կամավոր աշխատանքին: Ով ինչ կարող էր՝ բերում, կամավորներն էլ տեսակավորում էին, փաթեթավորում: Չէին մոռանում մակագրել՝ մաղթանքներն էլ ուժ կտան սահմանը պահող զինվորին: Գիշերը չէին քնում, աշխատում էին հերթափոխով: Մոտ 200 կամավոր բաժանվել էր խմբերի, տեղում ստեղծել բացօթյա պահեստ:
Նարե Իսրայելյան (կամավոր) - Կապ չունի՝ մենք ճանաչո՞ւմ ենք էդ զինվորին, թե՞ ոչ, բոլորը մեր համար հարազատ եղբայր են...
«Հոգ տար»՝ գրված էր տուփին: Արկղում՝ արցախցիներին տրամադրվող սնունդ էր՝ մակարոն, շաքարավազ, ձեթ, կարտոֆիլ...
Ծանրոցները սոցիալական նախաձեռնությունը հասցնում էր Երևանում ու մարզերում ապաստանած արցախցիներին: Գործին միացել էին նաև Լոս Անջելեսից եկած հայ երիտասարդները:
Հայկ Անթանյան (կամավոր) - Երրորդ օրս ա, մեկ էլ հնարավոր ա Արցախ մեկնենք՝ էլի օգնելու, բոլորս պարտավոր ենք...
Հավաքել, հանձնել, գումարը փոխանցել բանակին: Ընդունում էին ցանկացած թուղթ, կիլոգրամը վաճառում 50-80 դրամով: Սկզբում նախատեսել էին կես միլիոն դրամ հավաքել: Բայց մի քանի օրում կես միլիոնը դարձավ մեկ, հետո մեկուկես, վերջնական թիվը չեն հիշում: Թուղթ շատերն ունեին, բայց խնդիրը տեղափոխելն էր ընդունման կետ: Այդ հարցում օգնում էր կամավորներից Արմենը:
Արմեն Բաքոյան - Խնդիրներ էր լինում, մեքենան էր ջարդվում, տեղ կար՝ գնում էի, էնքան էին բարձում, որ էլ տեղ չէր լինում, մեքենան ուղղակի գնում էր...
Ովքեր գրքեր էին բերում, դա էլ առանձին հանում էին վաճառքի, գին էին սահմանել՝ 500 դրամ: Ստացվեց այնպես, որ շատերը պարզապես օգնելու համար մեկ գիրքը գնում էին 100, 200, որոշ դեպքերում էլ՝ 500 եվրոյով:
Սեդա Սարգսյան - Ու էդպես կարողացանք 3 մլն դրամ փոխանցել Զինվորների ապահովագրության հիմնադրամին, դեռ մոտ 60 հազար էլ պետք է փոխանցենք, որը կգոյանա գրքերի ամբողջական վաճառքից:
Կամավորական խմբերն ամենուր էին: 12-ից 220 վոլտ ստանալու սարքեր: Հավաքում է ցանկացած սնուցման սարք, առավել հայտնի յուպիէսները, տեղում ձևափոխում, ստանում նոր փոխարկիչ:
Կարեն Դերձյան (նախաձեռնող խմբի անդամ) - Այս սարքերով ցանկացած պայմանում հնարավոր է ցանկացած մարտկոցով ունենալ 220 վոլտ հոսանք, որով կկարողանան ցանկացած բան լիցքավորել և օգտագործել:
Լուրը լսեցին՝ քողարկող ցանցեր են պետք, անմիջապես գործի անցան: Սկզբում փոքր սենյակում, հետո արդեն տարբեր մասնաճյուղերում 1000-ից ավելի կամավորով քողարկիչ ցանցեր էին գործում սահմանի համար:
Դավիթ Աղաջանյան - Գործեցինք 400-ից ավելի ցանցեր, 400-ից որ անցավ, էլ չէինք հաշվում, մինչև այսօր էլ գործում ուղարկում ենք, հիմա էլ սպիտակ ենք գործում:
Օպերայի բեմի լռության մեջ պատերազմի օրերին աղոթք ու բարեմաղթանքներ էին՝ կրակը շուտ դադարի, և հարատև խաղաղություն լինի: Բոլորի մատները գործիքների փոխարեն գործ ունեին բեմից կախված վարագույրների հետ՝ քողարկող ցանցեր էին պատրաստում:
Պատերազմի առաջին օրը որոշեց բոլոր գործերը վաճառքի հանել, գումարը փոխանցել համահայկական հիմնադրամին: Գին չէր սահմանել. գնորդն իմանալով նպատակը՝ շատ ավելին էր վճարում: Դիմանկարն էլ հանեց վաճառքի՝ ընկերները գնեցին՝ յուրօրինակ առաջարկով՝ կգնեն, կնվիրեն իրեն, գումարն էլ՝ 1000 դոլար, կփոխանցեն հիմնադրամին:
Գոհար Հարությունյան - Սա էլ մեծ, թանկ հիշատակ դարձավ ինձ, որովհետև ինքն էլ է մասնակից դարձել մեր մեծ հաղթանակին:
Որոշ կամավորներ հիմա էլ շարունակում են տարբեր ձևերով գումարներ հավաքել, փոխանցել հիմնադրամին: Պատերազմից հետո մտածում են շարունակել թիկունքից աջակցել առաջնագծին, աղոոթքներում էլ միայն մի խնդրանք է՝ խաղաղություն: