Արցախի պատերազմի հրանոթների առաջին համազարկին զուգահեռ, միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում հայտնվեցին «բախում», «մարտեր» «պատերազմ» բառերը: Հակամարտության պատմությունից մինչև սպասելիքներ՝ միջազգային լրահոսում պատերազմի վերսկսման պատճառների, հակամարտության անցյալի ու դրա հանգուցալուծման կանխատեսումներն էին:
Պատերազմից 2 օր անց՝ համաշխարհային մեդիա հանրույթի ուշադրության կիզակետում հետաքննության և ուսումնասիրության նոր թեմա հայտնվեց՝ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվում են սիրիացի վարձկաններ»:
Սեպտեմբերի 29-ին հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը «Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում՝ օգնելու իր դաշնակից Ադրբեջանին, հաստատել են երկու գրոհայիններ» վերնագրով հոդված հրապարակեց: Վարձկանների մասնակցության թեման ժամ առ ժամ ընդլայնեց իր ծավալները:
Սիրիացի գրոհայիններից մեկը հայտնել է, որ գրեթե 1000 սիրիացի վարձկան է ուղարկվելու Ադրբեջան: Այդ լուրն ու թիվը հաստատել են մի խումբ սիրիացիներ, որոնք, սակայն, հրաժարվել են հրապարակել իրենց անունները:
Սիրիացի լրագրող և հետազոտող Հուսին Ակուշն էլ վկայություններ ներկայացրեց՝ սիրիացի վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվում են Ադրբեջանի կողմից:
Idlib Post պարբերականն էլ Սիրիայից ժամանած թուրք վարձկանների լուսանկարներ հրապարակեց: Նկարներում զինյալները Ադրբեջանի զինված ուժերի հենակետերից մեկում են:
Al Arabiya-ն, վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կազմակերպությանը, հայտնեց սպանված սիրիացի վարձկանների մասին: Պարբերականը նշում էր՝ սպանվածները թուրքամետ սիրիական խմբավորումների ավելի քան 850 զինյալներից էին, որոնց Թուրքիան ուղարկել էր ադրբեջանցիների կողմից կռվելու համար:
«Ֆրանսպրես» գործակալության հետ զրույցում էլ սպանված գրոհայինների հարազատները հաստատել են նրանց մահվան լուրը:
1000 գրոհային է Թուրքիայից ժամանել Ադրբեջան, նրանց մի մասը կռվում է առաջնագծում և 10 զինյալ արդեն մահացել է. Gardian-ի թղթակիցը հայտարարեց՝ հղում տալով իր աղբյուրներին:
Գերմանական մամուլում իրար հաջորդելով հայտնվեցին հոդվածներ, որոնցում հեղինակները ահազանգում էին՝ ահաբեկիչները սպառնալիք են ոչ միայն Արցախի ու Հայաստանի համար, այլև ամբողջ տարածաշրջանի: Թուրքիան կարտահանի ահաբեկիչներին՝ գրում է գերմանական «Թագեսշաուն»: Գերմանական «Ցայթն» էլ նկատում է, որ Թուրքիան այս հակամարտությունում բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին:
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում թուրքական ներգրավվածության մասին ուշագրավ փաստեր ներկայացրեց բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը։ Հոդվածագրի խոսքով՝ եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը:
Ղարաբաղյան հակամարտության սրացման գործում Թուրքիայի աջակցության թեմային է անդրադարձել նաև Spiegel-ը, ներկայացրել վարչապետ Փաշինյանի փաստարկները թուրքական սպաների ներգրավվածության մասին:
Ուշագրավ էր բելգիական De Morgen թերթի բացատրությունը Արևմուտքի՝ երկու կողմին հավասարեցնող հայտարարությունների վերաբերյալ:
De Morgen - Ադրբեջանը միլիարդավոր եվրոներով կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին: Ադրբեջանի նախագահի անձնակազմը եվրոպացի քաղաքական գործիչներին և լրագրողներին վճարել է «ադրբեջանամետ» վերաբերմունք դրսևորելու համար։
Միջազգային լրատվամիջոցները, շարունակելով բացահայտել թուրք-ադրբեջանական ագրեսիայի մութ կողմերը, աչքաթող չարեցին նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի վրա արգելված կասետային ռումբեր կիրառելու փաստը: Բրիտանական հեղինակավոր «Թելեգրաֆը» հայտարարեց՝ իր թղթակիցը տեսել է կասետային ռումբեր Ստեփանակերտում: Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների համար, որ երբեմն ռումբերը շփոթում են խաղալիքի հետ՝ գրում է հոդվածագիրը: Մեդիայի աչքից չվրիպեց նաև Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառման փաստը:
Բժիշկները ահազանգում են, որ քիմիական զենքի կիրառման պատճառով զինվորների վնասվածքներն ու այտուցները մեծ դժվարությամբ են ապաքինվում: Մասնագետները փաստում են, որ այսօրինակ վերքերը տարբերվում են իրենց պրակտիկայում երբևէ տեսածներից:
Պատերազմական օրերին միջազգային լրատվամիջոցների գործելաոճը Ադրբեջանի առաջնորդը «կողմնակալ» ու «անազնիվ» որակեց՝ կրկին թիրախավորելով լրագրողներին: Չմոռացավ նաև կրկնել իր հայտնի ու արդեն աշխարհի մեդիադաշտին ծանոթ արտահայտությունը՝ Fake News: