ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, թե Արցախում հրադադարի հաստատման պայմանագրի ստորագրումից ի վեր միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին՝ այն վայրում, որտեղ ռուս խաղաղապահներ տեղակայված չեն եղել:
«Հետագայում նույնպես կներդնենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խափանում թույլ չտալու համար»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան իր խաղաղապահների հանդեպ սադրանքի որևէ դրսևորում մինչև այժմ չի նկատել: ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի՝ ասել է Սերգեյ Լավրովը:
***
Արցախի զորավարժարաններում ռուս խաղաղապահները շարունակել են մարտական պատրաստության վարժությունները: Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինվորականները Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում շարունակել են մարտական պատրաստության կատարելագործումը: Նրանք տարբեր թիրախների ուղղությամբ կրակ են արձակել ինքնագիձներից, գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից: Խաղաղապահները մասնակցել են նաև մարտավարական, հատուկ, կրակային, ինչպես նաև ռազմական մեքենաների և հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու վարժանքներին: Ուսումնական վարժանքին մասնակցել է 200 զինվորական:
***
ՌԴ ՊՆ խաղաղապահ զորամիավորման հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակիչներին ցուցաբերել բժշկական օգնություն: Ջոկատի անձնակազմից ստեղծվել են հատուկ շարժական խմբեր՝ Արցախի տարածքում բնակիչներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Նախօրեին Գիշիում բժիշկներն օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղի 40 բնակչի: Ընդհանուր առմամբ, մինչև հիմա Արցախում բուժօգնություն է ստացել 800-ից ավելի բնակիչ, այդ թվում՝ 100 երեխա: Արցախի բնակիչներն ավելի քան 60 ռուս վիաբույժներին, թրապևտներին, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին սովորաբար դիմում են տարատեսակ խրոնիկ հիվանդությունների սրացումների, սրտանոթային, էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրներով և ատամնաբուժական ծառայությունների խնդրանքով: