Ներքին Կարմիրաղբյուրը շուտով արցախցի բնակիչներ կունենա: Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում տուն-տեղ թողած ընտանիքների մի խմբի Տավուշի սահմանամերձ այս գյուղ բերելու ծրագիրն ամերիկյան «Փարոս» հիմնադրամինն է:
Արմեն Սիմոնյան («Փարոս» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ղեկավար) - Ձեռք ենք բերել 4 առանձնատուն, հինգերորդն ընթացքում է: Այդ տները մենք պետք է վերանորոգենք ու ամբողջությամբ նորոգված-կահավորված նվիրաբերենք այդ ընտրված ընտանիքներին:
Նորոգման աշխատանքները կսկսվեն հունվարից: Գնված առանձնատների բանալիներն առայժմ գյուղապետի մոտ են: Տներն անխնամ տեսք ունեն, քանի որ տարիներով ապրող չեն ունեցել: Ծրագրի պայմանը հենց դա է՝ այնպես անել՝ սահմանամերձ գյուղում դատարկ բնակարան չմնա: Մինչև մարդկանց նորամուտը, իհարկե, շինությունում բանվորները լավ գործ կանեն:
Լևոն Առաքելյան (Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ) - Կոնկրետ էս տան հետ կապված՝ առաջը պիտի պատվի, սանհանգույց պիտի սարքվի:
Գյուղապետը սկսել է ճարտարապետի պես մտածել, քանի որ իրենց աչքով են տեսել՝ «Փարոսն» ինչպես է շեմքից տանիք անճանաչելիորեն փոխել Ներքին Կարմիրի բազմազավակ ընտանիքների ապրելու պայմանները:
Շառյանների հարմարությունների պես կահավորված տուն է լինելու արցախցիներին տրամադրվողը: Ծրագիրը հոգալու է նաև մարդկանց համար ապրուստի մշտական աղբյուր ստեղծելու հարցը՝ ներկայացնում է «Փարոսի» հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Արմեն Սիմոնյան - Առանձնատների հետ կլինեն հողատարածքներ, անասուններ, ոչխարներ, փեթակների նվիրաբերություն, որ կարողանան որոշակի եկամուտ ունենալ, որ ընտանիքը պահեն:
Ըստ Արմեն Սիմոնյանի՝ Կալիֆոռնիայից եկող ֆինանսավորմամբ առաջիկայում տներ կգնեն նաև Այգեպար, Վազաշեն, Պառավաքար, Վարագավան գյուղերում: Նպատակը Տավուշի սահմանը շեն պահելն է: «Փարոս» հիմնադրամը, 2012-ից սկսած, այս կողմերում բարեգործական տարբեր նախագծերով, օրինակ՝ Ներքին Կարմիրում դպրոց, մանկապարտեզ, բուժկետ է նորոգել, խմելու ջրի հարց լուծել: Արցախցի քանի՞ ընտանիքի կկարողանան վերաբնակեցնել՝ կախված է հանգանակվող գումարից՝ մեկ տան գնել-վերակառուցել-կահավորելու ծախսը գնահատում են 25-35 հազար դոլար:
Արմեն Սիմոնյան - Ընդհանուր քանակը կհասնի 15-20-ի՝ այսօրվա վիճակով հաստատված է, բայց քանակը կարող է աճել: Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի հոգաբարձուներից բացի, միացել են նաև այլ բարեգործական հիմնադրամի անդամներ, որ է՛լ ավելի արդյունավետ լինի այս ծրագիրը:
Ծրագրին դիմած 30 ընտանիքի հետ հանդիպել-քննարկել են ամեն ինչ: 2-3 ամսում նվերը պատրաստ կլինի: Այդ ընթացքում «Փարոսը» կավարտի նաև իր նախորդ ծրագրի շահառուների տների նորոգումը:
Տիկին էմման անհամբեր է՝ ե՞րբ է ապրելու խոհանոցը սալիկապատ, ջեռուցման համակարգով ու կահույքով կահավորված սենյակներում:
Էմմա Ադամյան - 3 ամիս ա, գործ են անում, չնայած էս կռիվները դադարեցրել էին, մի ամիս է՝ շարունակվում է:
Նորոգված իրենց տունն ում պետք է՝ ցույց կտա, ասում է կինը՝ իմանալով, որ «Փարոսն» առաջիկայում արցախցիների խմբի է Տավուշ հյուր բերելու: Գան-տեսնեն՝ հավանո՞ւմ են առաջարկվող ապրելու նոր հասցեն, վերջնական կողմնորոշվեն՝ ուզո՞ւմ են այստեղ նոր կյանք սկսել: