Անազատության բարդույթի պատը նրանցից շատերին ստիպեց կրթությամբ հասնել ազատության: Նախկինում ցմահ դատապարտյալ և ավելի քան 2 տասնամյակ ճաղերից ներս՝ աննշան լույսով ընթերցած գրքերը, ինքնակրթությունը և հոգեբանի մասնագիտությունը Աշոտին օգնեցին վերադառնալ նոր ազատություն:
Աշոտ Մանուկյան - Սրանք իմ հարստությունն են, որ ես վերցրել եմ գաղութից հետո:
Վերջին տարիներին, երբ դեռ Աշոտը բանտախցում էր ու չգիտեր՝ արդյոք կլինի մի օր ազատության մեջ, նա ժամանակը միայն կրթությանն էր տրամադրում, ուսումնասիրում հոգեբանություն, համալսարան ընդունվում ու հեռակա ուսում ստանում: Այսօր ազատության մեջ է:
Աշոտ Մանուկյան - Կրթությունն իրենց լավ հնարավորություն կտա, հենց իմ դեպքով կարող եմ ասել, որ ամեն ինչ ավարտված չի, կարող են հետո կրթությունով ավելի լավ դրական իրենց կյանքը կառուցել:
Դատապարտյալների կրթությունը Հայաստանում յուրաքանչյուր տարի ավելի պահանջված է դառնում: Այսօր հանակրթական ուսուցում ստանում է 33, մասնագիտական՝ 177, բարձրագույն հետբուհական՝ 3 անձ: Մասնագետներն ասում են՝ սա փաստում է, որ դատապարտյալներից շատերը հետագայում հասարակությունում լիարժեք ներգրավելու ցանկություն ունեն:
Արփինե Սարգսյան (ՀՀ ԱՆ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ) - Մենք սկսել ենք լայնածավալ միջոցառումներ անել ՔԿՀ-ներում, որպեսզի ամեն րոպեն, ժամը, որը հնարավոր է օգտակար կազմակերպել, մենք դա էլ անենք:
Մանուշակ Թևանյան (ՀՀ ԱՆ իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի անգլերենի դասախոս) - Էդ 2 ժամը իրանց կտրում ա էն ամեն ինչից, ու երբ որ արդեն դուրս են գալիս, դասապատրաստում են անում, զգում ես, որ ձգտում են ինչ-որ բանի, ասում են՝ կարող ենք ուրիշ դասի գրանցվել:
Մանուշակ Թևանյանը արդեն 1 տարի դատապարտյալներին անգլերեն է սովորեցնում, ասում է` բանտային կրթությունը շատ է տարբերվում: Մանրամասնում՝ սա ոչ միայն սովորական դասընթաց է, այլև վերասոցիալականացման գործընթաց:
Մանուշակ Թևանյան (ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի անգլերենի դասախոս) - Իրենք չմտածեն, որ իրենք էստեղ են ու վերջ, դրանով ամեն ինչ փակվեց, մենք էդ լույսի շողը պետք է լինենք, որ դեռ ամեն ինչ էդ մթության մեջ չի, ու կյանք կա, ու իրանք, պատկերացրեք՝ որ սպասում են դրան:
12 քրեակատարողական հիմնարկից 5-ում դատապարտյալները հետագայի պլաններ են գծում՝ լեզուներ, համակարգչային հմտություններ, բիզնես գրագիտություն սովորում, և սա դեռ ամենը չէ: Մասնագետների համոզմամբ՝ սրանք այն մասնագիտություններն են, որոնք պատժի կրումից հետո քաղաքացուն հնարավորություն կտան հետագայում աշխատանք գտնել:
Արփինե Սարգսյան - Կարևոր են կրթական միջոցառումները, բայց ավելի կարևոր են, թե այդ միջոցառումը ինչպիսի միջավայրում է իրականացվում: Այս տարի մեծ թվով ռեսուրս կենտրոններ ունենք ՔԿՀ-ներում, առանձին սենյակներ ունենք: 3 ՔԿՀ-ում 3 ռեսուրս կենտրոնում շինարարական աշխատանք է արվել և հենց՝ դատապարտյալների նախաձեռնությամբ:
Արփինե Սարգսյանի խոսքով՝ տարիներ առաջ էլ նմանատիպ միջոցառումներ կային, որոնք բացարձակ չէին հետաքրքրում բանտարկյալներին: Այսօր ՔԿՀ-ներում իրականացվող բոլոր ծրագրերը թիրախավորված են: Բայց ևս մեկ կարևոր բաղադրիչ, որն ազդում է դատապարտյալի ընկալման վրա: Արդեն մեկ տարուց ավելի ներդրվել է բալային համակարգը, այսինքն՝ կրթությունը կարող է նպաստել դատապարտյալի վաղաժամ ազատման գործում:
Արփինե Սարգսյան - Հիմա եթե դատապատյալը մասնակցում է դասապրոցեսին, ստանում է, օրինակ՝ 2 բալ, եթե ավարտում է բուհը, ստանում դիպլոմ, ապա բալը կարող է մեծ լինի՝ 3: Սա ևս մի խթան է, որ կարող է ազդել դատարանի որոշման վրա:
2020 թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակի տվյալով՝ 1974 ազատազրկվածից 213-ը ընդգրկված են կրթական գործընթացում: 5 տարի առաջ պատկերը լիովին այլ էր՝ 3882 ազատազրկված, և նրանցից ընդամենը 121-ն են ներգրավված եղել նմանատիպ ծրագրերում: Հաշվարկները ցույց են տալիս, որ 2015-ի համեմատ գրեթե երկու անգամ նվազել է ազատազրկվածների թիվը, իսկ կրթություն ստացողները կրկնապատկվել են: