ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Կոտայքի մարզի հարգելի բնակիչներ, ժամեր հետո կճանապարհենք մեր երկրի համար ցավոտ մարտահրավերների ու փորձությունների տարի դարձած 2020 թվականը։ Բոլորիս համար ցավը մեծ է, կորուստներն՝ անդառնալի, բայց մենք կոտրվելու իրավունք չունենք, ապրելու ենք, որ հաղթենք։
Մենք ունենք մեկ հայրենիք, իսկ այդ հայրենիքն ունի միայն մեզ, և այն պետք է ծաղկեցնենք, հզորացնենք համատեղ ուժերով՝ մեր ամենօրյա աշխատանքի, կրթության և հավատի միջոցով։
Հարգելի՛ կոտայքցիներ, 2020 թվականին մարզում իրականացվել են բնակիչների կյանքը բարելավող մի շարք տեսանելի ծրագրեր, սակայն այսօր էլ դեռևս կան չլուծված բազմաթիվ խնդիրներ, ինչը նշանակում է շատ աշխատանք ունենք անելու։ Այս հարցում ևս ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը։
Խոնարհումս հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր եղբայրներին ու հայրերին, որդեկորույս մեր մայրերին ու քույրերին։ Առաջնահերթ շնորհավորում եմ սահմանին կանգնած մեր հերոս զինվորների Ամանորը, ոգու ամրություն եմ մաղթում Արցախի մեր քույրերին և եղբայրներին։ Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, ընտանիքներին՝ առողջություն, սեր ու բարեկեցություն, թող այսուհետ Հայաստան աշխարհում միայն մանկան խինդ ու ծիծաղ լինի»,- ասված է ուղերձում: