«Բեյրութի փոքրիկներից՝ արցախցի փոքրիկներին» ծրագրով Մխիթարյան վարժարանի երեխաների ցուցահանդես վաճառքից հավաքված գումարը` Արցախից Հայաստան եկած ընտանիքներին: Զոհվածների ու անհետ կորածների ընտանիքների երեխաների նվերները մինչև դեկտեմբերի 31-ը կօգնեն բաժանել նաև սփյուռքի գլխավոր հանձնակատարի «Ի գործ» ծրագրով Հայաստան վերադարձած լիբանանահայերը: Նախաձեռնությունը Հայաստան է հասցրել «Լուրերի» Լիբանանի թղթակից Փաթիլ Մկրտիչյանը:
Լիբանանի Կաղանդ պապուկից արցախցի փոքրիկներին Ամանորի նվերներն են եկել: Լիբանանում Մխիթարյան վարժարանի սաների Ամանորի ձեռքի աշխատանքների վաճառքից խոստացել էին՝ հավաքած ամեն մի լուման կհասնի Հայաստան, որ երեխաներին մի փոքր ա՛յս ժպիտից բաժին հանեին:
Ծանր օրեր ապրող Լիբանանում հայ համայնքը չի խնայել նույնիսկ կես դոլարը՝ պատմում է Բեյրութում «Լուրերի» թղթակիցը: Որ ապաստարանների մոտ 400 երեխա տարին ուրախ աչքերով ճանապարհի, նախաձեռնությանը միացել են նաև սփյուռքի գլխավոր հանձնակատարի՝ «Ի գործ» ծրագրով Հայաստան վերադարձած լիբանանահայերը: Երեխաների ցանկություններն էլ ամենաանկեղծն են ու բոլորիս սրտից: