Զինծառայության ավարտից 27 օր առաջ Նարեկը տուն է եկել: Պատերազմով անցած զինվորի վաստակած արձակուրդն է: Գոշ գյուղում աչքալուսանք էր: Տնեցիներն ասում են՝ նույնիսկ տան պատերն են ուրախացել:
Թագուհի Մանուչարյան (Նարեկի մայրը) - Ինքը մեզ անակնկալ է արել, չի ասել, որ գալու է:
Մի քանի օր անց էլ որդուն գրկելիս մոր աչքերը լցվում են:
Թագուհի Մանուչարյան - Կուզենամ, որ բոլորի երեխեքը գան իրանց ծնողներին հասնեն, ոչ մեկին չեմ ցանկանա, որ լացեն:
Սա Նարեկի երկրորդ արձակուրդն է: Առաջինը անցյալ տարվա աշնանն էր, խրախուսանք` լավ ծառայության համար: Տանը բարձր տեղում դրված լուսանկարում Նարեկն է: Երբ լուսանկարիչը 11-ամյա տղային հարցրել է` ինչ շորով կուզես նկարվել, միագամից պատասխանել է` զինվորի: Երբ իսկական զինվոր դարձավ, համազգեստի հետ սիրեց նաև զինվորական գործը: Հրետանավոր է, կռվել է մի քանի ճակատում: Տանը միայն հայրը գիտեր այդ մասին, մնացածից խնամքով թաքցնում էր:
Յուրիկ Ղազարյան (Նարեկի հայրը) - Գիշերները չեմ էլ քնել, բայց տանը ոչ մի բան չեմ ասել, վերջին օրերին որ խաբար չունեի, զոհվածների ցուցակներն էի նայում, որ երեխիս անունը չէր լինում, գոնե մի քիչ հանգստանում էի, ուրախացանք, որ պատերազմը կանգնեց:
Ասում է` պատերազմական օրերի մասին տանը գրեթե չեն խոսում, Նարեկին հարցեր չեն տալիս, տղայի համար էլ ծանր է այդ ամենը վերապրելը: Ծառայակից ընկերներ է կորցրել: Հոկտեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 9-ը մասնակցել է մարտական գործողություններին: Միայն ասաց, որ իրենց զարկը միշտ նշանակետին է խփել, իսկ կռվի ժամանակ ուժ էր տալիս այն, ինչը շարունակ իրենց մտքում էր:
Նարեկ Ղազարյան (Ժամկետային զինծառայող) - Մեզ ուժ էր տալիս հայրենիքը, ծնողները, որ գիտակցում էինք՝ թիկունքում ովքեր են, ինչի համար ենք էնտեղ, մեր մարտկոցի հրամանատարների աջակցությամբ դիմադրեցինք:
Պատերազմը շատ էր տխրեցրել փոքր եղբորը: 12-ամյա Հրաչը Նարեկից մի կուշտ կարոտն առել է, բայց արտասվելու չափ ուզում էր` նույնը շատերի հետ պատահի:
Հրաչ Ղազարյան (Նարեկի եղբայրը) - Չեմ ուզի, որ ոչ մեկը կորցնի իր երեխուն, կուզեմ, որ գան, սաղ ծնողները ուրախ լինեն, և ով եղբայր ունի կամ քույր, կխնդրեմ նրանց, որ չանհանգստանան, նրանք անպայման կվերադառնան:
Ինքն իրեն խոսք է տվել՝ երբ զինվոր դառնա, հուսալի ընկեր ու թիկունք կլինի: Զինվոր եղբայրը լուռ ժպտում էր, 2 օրից կվերադառնա զորամաս:
Թագուհի Մանուչարյան - Ինքը էս շորերով ա եկել, լվացել եմ, սիրուն ծալել:
Նարեկը Նոր տարին կդիմավորի զինակիցների հետ:
Նարեկ Ղազարյան - Կցանկանայի, որ խաղաղություն լինի երկրին, որ բոլոր զինվորները բարեհաջող վերադառնան իրենց տները, որ ոչ մի ծնող չսպասի իր երեխային, եթե արցունք լինի՝ միայն ուրախության արցունք: