Զինվորական հորեղբոր ճանապարհն ընտրած Պետրոս Հուրիխանյանը, որ ռազմական ինստիտուտը ավարտելուց հետո 10 տարի ծառայել է Մատաղիսում ու Թալիշում, հիմա ընտանիքով ժամանակավոր բնակություն է հաստատել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Այսօր նա հիշում է արդեն՝ ինչպես էր կանխազգում պատերազմը, պատմում է զինվորների սխրանքի մասին, թե ինչպես 13 հոգով գնացին մարտական առաջադրանքի, վիրավորվեցին ու ընկան ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած զոհվածների ցուցակում, հետո տուն զանգեցին՝ ավետելու, որ, բարեբախտաբար, ողջ են մնացել։
Երբ Պետրոսը ռազմաճակատում էր, նույնիսկ ժամանակ ու հնարավորություն չուներ մտածելու փոքրիկ ընտանիքի մասին։ 23-ամյա կինը ինքնուրույն, 2 տարեկան ու 9 ամսական երկու հրաշքներին փրկել է, տեղափոխվել Հայաստան։ Ինքը՝ Պետրոսը, ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո մշտական բնակության էր հաստատվել Արցախում, սկզբում Մատաղիսում էր, հետո՝ Թալիշում։ Ընտանիքն էլ, տունն էլ այնտեղ էին։ Զինվորականի հոտառությամբ պատերազմից օրեր առաջ կանխազգում էր, որ սկսվելու է մեծ պատերազմ։
Հորեղբոր ճանապարհն ընտրած Պետրոսի համար բանակը ընտանիքի պես բան է։ Զինվորներին ընդունում էր որպես զավակներ, սովորեցնում ու խրատում։ Հիմա նրանք բոլորն են հերոսներ։ Շատ լավ հիշում է՝ ինչպես գնացին մարտական առաջադրանք կատարելու։ Հիշում է՝ ինչպես վիրավորվեցին։
Ճանապարհը մեկն էր, պետք էր սպասել, մինչև վտանգն անցներ։ Հենց այդ օրը, երբ ամբողջ կյանքն անցնում էր Պետրոսի աչքերի առաջ, նրան թմբիրից արթնացրեց ու ապրելու գերմարդկային ուժ տվեց ավագ դստեր տեսքով հայտնված կերպարը։
Բոլոր վիրավորները տեղափոխվեցին շտապօգնության մեքենա, և դրանից հետո գիտակցությունը մթնեց։ Օրեր անց Պետրոսն արթնացավ Ստեփանակերտի հիվանդանոցում ու պատահաբար հայտնաբերեց, որ իրեն ու ընկերներին ադրբեջանական քարոզչամեքենան գցել է մահացածների ցուցակ։
Ստիպված էր ինքնուրույն հերքել բոլորին, որ նկարն ու զինգրքույկը, որ հրապարակում են ադրբեջանական ԶԼՄ-ները, իրենն են, պարզապես կորցրել էր դրանք մարտի դաշտում։
Հիմա նորովի է արժևորում կյանքը, հայրենիքը, ընտանիքը։ Նա շատ պարզ փիլիսոփայությամբ է նայում դեպքերի ընթացքին. եթե կա պարտություն, կա նաև հաղթանակ։