Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ բողոքել է, թե Հունաստանի և Կիպրոսի հույներն անընդհատ թիրախավորում են Թուրքիային: Նա կրկին հայտարարել է, թե Անկարան ցանկանում է տարածաշրջանի հակասությունները լուծել երկխոսության միջոցով: «Սակայն նա անտեսում է իր երկրի ամենօրյա ոտնձգությունները Հունաստանի օդային տարածքի հանդեպ»,-նշում է Greek City Times պաբերականը:
Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն հայտարարել է, թե իր երկիրը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ձևավորել բոլոր այն երկրների հետ, որոնց հետ ունի դիվանագիտական հարաբերություններ: Թուրքիայի ԱԳ նախարարը որպես փոխգործակցության օրինակ է բերել Լիբիայի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը:
«Այն, ինչը նա անվանում է փոխըմբռնման հուշագիր, Տրիպոլիում գործող Մուսուլման եղբայրների կառավարության հետ ստորագրված փաստաթուղթն է, որը միջազգային հանրությունը համարում է անօրինական և իրավական ուժ չունեցող»,-նշում է հունական պարբերականը:
«Հունաստանի և Կիպրոսի հույները չեն ցանկանում խոսել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի հետ՝ պնդում է Թուրքիայի ԱԳ նախարարը: Սակայն նա միաժամանակ ընդունում է, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի պատվաստանյութ է ուղարկում հյուսիսի բռնազավթած հատվածում ապրող թուրքերին: Նա շարունակում է հայտարարել, թե հույները չեն ուզում շփվել Թուրքիայի հետ, սակայն չի նշում՝ ինչու և ինչպես է արտահայտվում դա»,- եզրափակում է աղբյուրը: