ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, թե Արցախում հրադադարի հաստատման պայմանագրի ստորագրումից ի վեր միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, այն վայրում, որտեղ ռուս խաղաղապահներ տեղակայված չեն եղել:
«Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ մեր խաղաղապահ զորախմբի նախաձեռնած ակտիվ քայլերը թույլ տվեցին կանխել միջադեպի հետագա զարգացումը: Հետագայում նույնպես կներդնենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խափանումը թույլ չտալու համար»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ Մոսկվան իր խաղաղապահների նկատմամբ սադրանքի որևէ դրսևորում մինչ այժմ չի նկատել:
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք, որ Բաքուն և Երևանը տրամադրված են իրականացնել ստանձնած պարտավորությունները և քայլեր անել դեպի իրավիճակի ընդհանուր կարգավորումը:
Ցանկանում եմ շեշտել ծագող խնդիրների լուծման հարցում կողմերի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը: Ռուսաստանն էլ, իր հերթին, շարունակում է պատասխանատու և արդյունավետ իրականացնել հրադադարի երաշխավորի իր գործառույթը»,- ասել է Սերգեյ Լավրովը: