ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացրել է բազմափուլ հատուկ գործողություններ՝ կանխելու Հարավային Ամերիկայից Ռուսաստանի Դաշնություն և եվրոպական երկրներ կոկաինի ապօրինի ներմուծումը, տեղեկացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
2020 թ. մայիսին անցկացված համատեղ գործողությունների առաջին փուլի շրջանակում Սանկտ Պետերբուրգում թմրամիջոցներ վաճառելու մեղադրանքով բերման է ենթարկվել թմրանյութերի առաքիչը։ Նրա մոտ հայտնաբերվել է 1 կգ կոկաին:
Միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբի անդամների ինքնությունը և նրանց դերակատարումը Ռուսաստանի տարածքում արգելված թմրամիջոցների շրջանառության հարցում։
2020 թ. հունիսին Մոսկվայում մեծ քանակությամբ թմրանյութեր վաճառելու ժամանակ բերման են ենթարկվել թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցախմբի մասնակիցները և կազմակերպիչներից մեկը․ հայտնաբերվել է 34 կգ կոկաին: 2020 թ․ նոյեմբերին Մոսկվայի մարզում հայտնաբերվել է թաքստարան, որտեղ հայտնաբերվել է առնվազն 295 կգ թմրամիջոց:
Միջազգային գործընկերների հետ համատեղ գործողությունների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է առնվազն 330 կգ կոկաին։ Հայտնաբերված հանցագործների դեմ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը հարուցել է քրեական գործեր: Առգրավված թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված գումարի չափը կարող էր կազմել 1 մլրդ ռուբլի:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: